Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը քննության առարկա կդարձնի Հայաստանից բացակայող Միհրան Պողոսյանին կրկին պատգամավորի թեկնածու ճանաչելու Վարչական դատարանի որոշման հիմքը

Դատախազությունը քննության առարկա կդարձնի Հայաստանից բացակայող Միհրան Պողոսյանին կրկին պատգամավորի թեկնածու ճանաչելու Վարչական դատարանի որոշման հիմքը
Իրավունք
18:49, 16 июнь 2021
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ընդգրկված ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը կմասնակցի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին։

Նշենք, որ չնայած Ոստիկանության կողմից երկու կեղծ տեղեկանքների հիման վրա հարուցված քրեական գործին, օրերս հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանի ներկայացուցիչը Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանից հերթական ձեռք բերված տեղեկանքն է ներկայացրել Վարչական դատարան։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ Միհրան Պողոսյանի ներկայացուցիչը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել նրա ուսանելու փաստը հավաստող հերթական տեղեկանքը, և դատարանը այդ և նախորդ տեղեկանքների գնահատմամբ համարել է, որ նախավերջին տեղեկանքները հակասող են։ Մինչդեռ Միհրան Պողոսյանի սույն գործով ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանը տեղեկացված չէր, թե ինչ հիմքով է դատարանը երեկ բավարարել իր ներկայացրած հայցը և խնդրեց մեզ զանգահարել երեկոյան։  

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը արտահերթ ընտրություններին մասնակցելու համար՝ ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունից անհրաժեշտ փաստաթղթեր վերցնելու նպատակով՝ իր մեկ այլ ներկայացուցչի՝ Նորայր Հարությունյանի միջոցով վարչություն էր ներկայացրել Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանից, այնուհետև Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանից տեղեկանքներ։ ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետը հարցումներ էր ուղարկել տվյալ համալսարաններ՝ տեղեկանքների իսկությունը պարզելու համար և արդյունքում հաստատվել էր, որ ո՛չ Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանից, ո՛չ էլ Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանից Միհրան Պողոսյանին տեղեկանքներ չեն տրվել։ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կողմից ձեռք բերված կեղծ տեղեկանքների հիմքով հարուցվել էր քրեական գործ։

ԿԸՀ-ի որոշմամբ՝ հունիսի 8-ին «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի 11-րդ համարի՝ Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած էր ճանաչվել։ ԿԸՀ-ն որոշման հիմքում դրել էր Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի նամակն՝ ուղղված ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետին՝ ըստ որի Միհրան Պողոսյանը հաշվառված չէ Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանում որպես ուսանող և նրան համալսարանից տեղեկանք չի տրվել։ Սակայն հունիսի 10-ին այս տեղեկանքը վիճարկվեց ՀՀ վարչական դատարանում։ Միհրան Պողոսյանի փաստաբանը հայցադիմում էր ներկայացրել դատարան կից տեղեկանքով, որը կրկին տրված է Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանից։ Ըստ դատական տեղեկատվական համակարգի տվյալների՝ դատարան ներկայացված տեղեկանքում գրված է, որ ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետին՝ համալսարանից ուղարկված գրությունը տեխնիկական սխալի հետևանք է, քանի որ Միհրան Պողոսյանին տեղեկանքը տրվել է Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանից և նա համարվում է ուսանող։ 

ՀՀ վարչական դատարանի նախագահող դատավոր Դանիել Դանիելյանը որոշում է կայացրել բավարարել Միհրան Պողոսյանի ներկայացուցչի հայցը՝ անվավեր է  համարել ԿԸՀ որոշումը՝ գտնելով, որ հայցադիմումին կցված տեղեկանքին համարժեք հակառակ ապացույց չկա։ Ավելին, դատարանը վճռել է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հօգուտ Միհրան Պողոսյանի բռնագանձել 4000 ՀՀ դրամ՝ որպես հայց ներկայացնելու համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի հատուցում:

Նշենք, որ դատարանի վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Մենք կապ հաստատեցինք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հետ՝ տեղեկանալու ինչ փուլում է կեղծ տեղեկանքների հիմքով հարուցված քրեական գործն ու արդյո՞ք օրերս Միհրան Պողոսյանի ներկայացուցչի կողմից Վարչական դատարան ներկայացրած տեղեկանքը ևս դառնալու է քննության առարկա։  

«Դեպքի կապակցությամբ երկու քրեական գործ է հարուցվել՝ մեկը Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) առաջին մասի հատկանիշներով, մյուսը 349-րդ  հոդվածի (Քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը) առաջին մասի հատկանիշներով։ Այս երկու գործերը միացված են մեկ վարույթում և հիմա իրականացվում է քննություն, որի ընացքում օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքերը»,- պատասխանեց Գոռ Աբրահամյանն ու հավելեց, որ օրերս Վարչական դատարան ներկայացված տեղեկանքը ևս քննության առարկա է դառնալու և 349-րդ հոդվածը հենց դրան է վերաբերում։ 

Նարա Մարտիրոսյան