Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Սումգայիթի դատարանում կհրապարակվի առևանգված հայ զինծառայողների դատավճիռը․ Ադրբեջանի դատախազը նրանց համար 12 տարվա ազատազրկում է պահանջել

Այսօր Սումգայիթի դատարանում կհրապարակվի առևանգված հայ զինծառայողների դատավճիռը․ Ադրբեջանի դատախազը նրանց համար 12 տարվա ազատազրկում է պահանջել
Իրավունք
11:41, 07 июль 2023
Հայաստանի օմբուդսմենն ընդգծում է՝ միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից առևանգված երկու զինվորականները գերիներ են:

Այսօր Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանը կհրապարակի Հայաստանի Զինված ուժերի պայմանագրային զինծառայող Հարություն Հովագիմյանի և ժամկետային Կարեն Ղազարյանի դատավճիռը։ Ադրբեջանցի դատախազը նրանց համար պահանջել է 12 տարվա ազատազրկում։

Բաքուն հայ զինվորներին մեղադրում է պետական սահմանը խախտելու և դիվերսիա պլանավորելու համար, մինչդեռ ըստ հայկական կողմի՝ զինծառայողներն ադրբեջանցիների կողմից առևանգվել են Շիկահողի դիրքեր հաց ու ջուր տանելիս։

Հայ գերիների շահերը պաշտպանող իրավապաշտպանների գնահատմամբ՝ Սումգայիթում անցկացված դատավարությունը բեմադրություն է, և դատավորը, ամենայն հավանականությամբ, հաստատելու է դատախազի պահանջած պատժաչափը։

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ առևանգված հայ զինվորներին դատապարտելուց հետո Բաքուն փորձելու է նրանց փոխանակել Հայաստանում ձերբակալված երկու ադրբեջանցիների հետ՝ չվերադարձնելով նախկինում գերեվարված մյուս զինծառայողներին։

Ադրբեջանը հաստատել էր, որ իր բանտերում 35 հայ գերիներ են պահվում, այդ թվում՝ մայիսի վերջին առևանգված երկու զինծառայողները։