Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օրենքի հիման վրա ձևավորված դատարան չի եղել. Ինչո՞ւ է Վարչական դատարանը 5 հոգանոց կազմով քննում «Զարթոնքի»՝ ընդդեմ ՔՊ-ի հայցը

Օրենքի հիման վրա ձևավորված դատարան չի եղել. Ինչո՞ւ է Վարչական դատարանը 5 հոգանոց կազմով քննում «Զարթոնքի»՝ ընդդեմ ՔՊ-ի հայցը
Իրավունք
17:28, 17 июнь 2021
ՀՀ Վարչական դատարանն այսօր 22։00-ին կհրապարակի «Զարթոնք» կուսակցության դիմումի վերաբերյալ դատական ակտը։ 

Կուսակցությունը դատարանից պահանջում է ուժը կորցրած ճանաչել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ 

Հիշեցնեք, որ ավելի վաղ՝ հունիսի 13-ի ԿԸՀ-ն նիստում քննարկել և մերժել  էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջի վերաբերյալ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանի, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, «Զարթոնք», Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությունների նույնաբովանդակ դիմումները, որից հետո «Զարթոնք» կուսակցությունը, որը առաջնորդում է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, դիմել է վարչական դատարան։ «Զարթոնք» կուսակցության հայցի առարկան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից տարբեր հանրահավաքների ժամանակ հնչեցված որոշ արտահայտություններ են, որոնք, ըստ Արա Զոհրաբյանի, իրենց մեջ պարունակում են հոգեբանական, ֆիզիկական բռնության կոչեր։

Վարչական դատարանում այսօր՝ այս գործով դատաքննություն է եղել, քննարկվել են հայցադիմումում նշված փաստերը։ Հայցվոր և պատասխանող կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումներն ու առարկությունները։ 

Դատաքննության ժամանակ, որպես երրորդ անձ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք իրենց դիրքորոշումը ներկայացրել են դատարանում, գտնում են, որ հայցադիմումը, իրենց պահանջն անհիմն է և ենթակա է մերժման, բայց վերջնական որոշում կայացնողը դատարանն է։

Ուշագրավ է, որ վարչական դատարանն այս գործը քննում է 5 դատավորի կազմով, որը գրեթե չհանդիպող պրակտիկա է Հայաստանում։

Տիգրան Նաղդալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ըստ Վարչական դատարանի դիրքորոշման՝ ընտրական գործընթացի հետ կապված վեճի քննություն են իրականացնում և վարչական դատավարության օրենսգրքի 208 հոդվածով  նախատեսված է 5 հոգանոց դատավորների կազմ. «Բայց մեր գնահատմամբ դատարանը պետք է միանձնյա գործը քններ, քանի որ գործողության կատարման հայց էր քննվում։ Սա մեր մոտեցումն է, որը մենք ներկայացրել ենք դատարանում։ Մենք կարծում ենք, որ օրենքի հիման վրա ձևավորված դատարան չի եղել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների լույսի ներքո կարծում ենք, որ դատարանը պետք է միանձնյա քններ այդ գործը և որպես օրինական դատարան չէր կարող 5 հոգանոց կազմով  քննություն իրականացնել»,- ասաց Նաղդալյանը։

Մեր դիտարկմանը՝ ինչ-որ միտո՞ւմ են տեսնում 5 հոգանոց կազմով այս գործի քննության մեջ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց  մի բան հստակ է, որ պետք է տեղի ունենար ընդհանուր կանոններով գործի քննություն»։

Ինչպես նշեցինք՝ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր, 22։00-ին։ 

 Արփի Հարությունյան