Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանի քարոզարշավին մասնակցելու համար աշխատանցից ազատել սպառնացած Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է․ ՔԿ

Փաշինյանի քարոզարշավին մասնակցելու համար աշխատանցից ազատել սպառնացած Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է․ ՔԿ
Իրավունք
11:51, 19 июнь 2021
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ  գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են մշակույթի կենտրոնի աշխատակցին նախընտրական քարոզարշավին մասնակցելուն խոչընդոտելու դեպքերի հանգամանքները:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը, ունենալով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, նույն կենտրոնի գրադարանավարին և մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս համայնքում կազմակերպված նախընտրական քարոզչությանը, այնուհետև 2021թ. հունիսի 15-ին աշխատանքից ազատելու սպառնալիքով՝ գրադարանավարին  խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մշակույթի կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: