Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարեն Բեքարյանն ազատ է արձակվել

Կարեն Բեքարյանն ազատ է արձակվել
Իրավունք
12:35, 22 февраль 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, մերժեց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:Դատարանը, նաև ոչ իրավաչափ ճանաչեց Բեքարյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։

Դատարանից դուրս գալուց հետո Բեքարյանը լրագրողներին ասաց, թե հարուցված գործն ունի զրո տրամաբանություն։ «Այս ամբողջ պրոցեսում 2 հարց կա, այն որ ես ճանաչում եմ Արա Սաղաթելյանին և այն, որ ես օգտագործում եմ ՎՊՆ համակարգը»,-ասաց Բեքարյանը։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին։

Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226.-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2-րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 -րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Հիշեցնենք նաև, որ երեկ դատարանի որոշմամբ Արա Սաղաթելյանը և Արամ Սարգսյանը կալանավորվել են, իսկ Մհեր Ավագյանն՝ ազատ արձակվել։