Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Անկախ դիտորդի» հաղորդագրությունը՝ մինչև 18:00-ն արձանագրված խախտումների մասին

«Անկախ դիտորդի» հաղորդագրությունը՝ մինչև 18:00-ն արձանագրված խախտումների մասին
Իրավունք
20:16, 20 июнь 2021
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն այսօր՝ հունիսի 20-ին, 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը հետևում է ընտրությունների ընթացքին 200-ից ավել ընտրատեղամասերում, տարածքային և կենտրոնական հանձնաժողովներում:

Առաքելության դիտորդները ժամը 18:00-ի դրությամբ արձանագրել են հետևյալ խախտումները․

Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (84 տեղամաս) 38%-ում:

Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի (70 տեղամաս) 31.5%-ում։ Ըստ դիտարկումների, սակայն, այս դեպքերի միայն 7 տոկոսում է եղել քվեարկությունը վերահսկելու դիտավորություն:

Վկայականը տեսանելի չկրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (48 տեղամաս) 21.5%-ում:

Քվեարկելուց հետո քվեարկելու մասին այլ անձանց հայտնելու կամ բարձրաձայն հայտարարելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (34 տեղամաս) 15%-ում: Ընդ որում, տարբեր տեղամասերում քաղաքացիները, օրինակ, բացականչել են «Ապագան ընտրի», «Քոչարյան ընտրի, լավ կլինի», ցուցադրաբար պատռել են բոլոր քվեաթերթիկները մեկից բացի, ցույց են տվել տարբեր թվեր:

Հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիներին քվեարկելու կարգը չներկայացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (38 տեղամաս) 17%-ում:

Դիտարկված տեղամասերի (20 տեղամաս) 10%-ում օգնողը չի հարցրել ընտրողի կամքը:

Քվեարկելուց հետո քվեասենյակից չհեռանալու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 4․5%-ում:

Ընտրողներին ոչ բոլոր քվեաթերթիկներն են տրամադրվել (22 տեղամաս) տեղամասերի 10%-ում, քվեաթերթիկներ լուսանկարելու դեպքեր արձանագրվել են տեղամասերի 4%-ում, դուրս հանելու դեպքեր՝ 10%-ում:

Քվեաթերթիկների խոտանի նոր դեպքեր չեն արձանագրվել, սակայն նկատելի է, որ չօգտագործված քվեաթերթիկների արկղում քվեաթերթիկները հաճախ վնասվում են այնպես, որ դրանք հնարավոր չլինի օգտագործել: 

Դիտարկված տեղամասերի (17 տեղամաս) 7.6%-ում զետեղված են եղել քարոզչական նյութեր կամ արվել են քարոզչական կոչեր: Ընդ որում, եղել են, օրինակ, «Հայաստան» դաշինքի համարով շապիկներ կրելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քվեարկելու բարձրաձայն կոչերի, տեղամասում միմյանց «պատիվ ունեմ»-ով ողջունելու դեպքեր, որպես քարոզչանյութ օգտագործվել են շապիկներ, նոթատետրեր և այլն:

Դիտարկված տեղամասերի 28%-ում գրանցվել են դեպքեր, երբ ընտրողների անունները բացակայել են ընտրողների ցուցակում: