Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատգամավորի թեկնածուն 20-40 հազար դրամ ընտրակաշառք է տրամադրել․ ԿԸՀ-ն բավարարել է ձերբակալված պատգամավորության թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները

Պատգամավորի թեկնածուն 20-40 հազար դրամ ընտրակաշառք է տրամադրել․ ԿԸՀ-ն բավարարել է ձերբակալված պատգամավորության թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները
Իրավունք
16:03, 21 июнь 2021
ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուն, նախնական համաձայնության գալով Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների հետ, արտահերթ ընտրություններին մասնակցելու և նշված դաշինքի ու դրա ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար նույն մարզի ընտրական ցուցակներում ընդգրկված  28 ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել են 20 000-ից մինչև 40 000-ական ՀՀ դրամ կաշառք: 

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, որով ՀՀ ՀՔԾ-ում շարունակված նախաքննությամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էր 3 անձ, որոնցից մեկը՝ նշված դաշինքի պատգամավորության թեկնածու:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից սահմանված կարգով ՀՀ ԿԸՀ միջնորդություններ էին ներկայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ:

Այսօր կայացած նիստի արդյունքում ՀՀ ԿԸՀ-ն նշված անձի վերաբերյալ դատախազի երկու միջնորդությունները բավարարել է:  

Տվյալ անձի ձերբակալման իրավաչությունն ավելի վաղ վիճարկվել էր դատարանում, որն իր հունիսի 20-ի որոշմամբ մերժել է բողոքը՝ հաստատելով ձերբակալման իրավաչափությունը: 

ՀՀ ԿԸՀ որոշումները դատավարական ղեկավարում իրականացնող դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ վերջինիս մեղադրանք առաջադրելու և մյուս անհրաժեշտ դատավարական գործողություններն իրականացնելու հանձնարարությամբ։    

Պատշաճ դատախազական հսկողության ներքո միջոցներ են ձեռնարկվում  առերևույթ ընտրակաշառքի հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: