Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առուշ Առուշանյանի գործը մակագրվել է Նապոլեոն Օհանյանին. aravot.am

Առուշ Առուշանյանի գործը մակագրվել է Նապոլեոն Օհանյանին. aravot.am
Իրավունք
14:05, 22 июнь 2021
Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, Առուշ Առուշանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով․ 188–ի 3-րդ մասի 1-ին կետ (Ապօրինի ձեռնարկատիրությունը), 291 հոդվածի 2-րդ մաս (Ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը), 322 հոդվածի 2 մաս (Ինքնիրավչությունը), 113 հոդվածի 2-րդ մասի 3.6 կետով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):

Մասնավորապես, Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի նոյեմբերի 10-ից զբաղեցնելով Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ չի կատարել ծառայողական պարտականությունները, ինչպես նաեւ փաստացի իրեն պատկանող «Բեսթ Ռոուդ» ՍՊ ընկերության միջոցով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ եւ առանց պայմանագրի ընդերքի օգտագործմամբ, որն էական վնաս է պատճառել Գորիս համայնքի եւ հասարակության օրինական շահերին, շրջակա միջավայրին եւ ընդերքում պարփակված օգտակար հանածոներին, առանձնապես խոշոր վնաս՝ անձանց եւ պետությանը: Միաժամանակ Առուշ Առուշանյանը 2020 թվականի օգոստոսի 28-ին իր ընկերների՝ Էրիկ Աղաջանյանի եւ Հարութ Լալազարյանի հետ խմբի կազմում, խուլիգանական դրդումներով Արթուր Վահրամի Գյուրջյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է կյանքի համար ոչ վտանգավոր մարմնական վնասվածքներ:

Գորիսի համայնքի ղեկավարից բացի, մեղադրանք է առաջադրվել Հարութ Լալազարյանին, Էրիկ Աղաջանյանին, Սամվել Դինունցին։

Մեղադրյալները նախկինում դատապարտված չեն եղել, նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվել է՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Դատական նիստի օրը դեռեւս նշանակված չէ։

Նշեմ, որ Առուշ Առուշանյանը խորհրդարան մտած «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ հորիզոնականում է։

Աղբյուր՝ aravot.am