Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կալանավայրերում «Հայաստան» դաշինքը հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին». քվեարկության արդյունքները․ ՀԺ

Կալանավայրերում «Հայաստան» դաշինքը հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին». քվեարկության արդյունքները․ ՀԺ
Իրավունք
16:31, 22 июнь 2021
Հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրություններին, ինչպես հայտնի է, մասնակցել են նաեւ կալանավորներն ու դատապարտյալները:

10 ՔԿՀ-ներում ընտրությունների արդյունքների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ կալանավորների ու դատապարտյալների գերակշիռ մասը իր ձայնը տվել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին: 2-րդ տեղում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրն» է: 

Այսպես, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում (10/56 տեղամաս) պատկերը հետեւյալն է. ընտրելու իրավունք ունեցող 154 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 139:

Ամենաշատ թվով՝ 76 քվե, ստացել է «Հայաստան» դաշինքը, 22 քվե՝ «Քաղաքացիական պայմանագիրը»: Այս ՔԿՀ-ում 3-րդ տեղում է ԲՀԿ-ն՝ 7 ձայնով:

10/57 տեղամասում («Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ) ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 71 կալանավորներից ու դատապարտյալներից 69:

«Հայաստան» դաշինքը ստացել է 46 քվե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 17:

«Հայաստան» դաշինքը վստահ առաջատար է նաեւ «Արմավիր» ՔԿՀ-ում (14/58 տեղամաս): Այստեղ ընտրելու իրավունք ունի 425 կալանավոր ու դատապարտյալ, ընտրությանը մասնակցել է 302 անձ:

Նրանցից 202-ը իրենց ձայնը տվել են «Հայաստան» դաշինքին, 41-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: 18 ձայն «Արմավիր» ՔԿՀ-ում ստացել է «Պատիվ ունեմ» դաշինքը, 12 ձայն ԲՀԿ-ն:

«Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում (9/61), որ հայտնի է «ԱԱԾ-ի պադվալ» անունով, ընտրությանը մասնակցել է 10 ընտրող: Ընտրելու իրավունք այստեղ ունի 15 անձ:

Ձայներն այստեղ բաշխվել են հետեւյալ կերպ. «Հայաստան» դաշինք՝ 4 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 2 ձայն: Եվս 2 ձայն էլ ստացել է «Պատիվ ունեմ» դաշինքը:

23/59 տեղամասն ընդգրկում է «Վանաձոր» ՔԿՀ-ն: Ընտրությանը մասնակցել է 63 ընտրող՝ ընտրելու իրավունք ունեցող 69-ից:

«Հայաստան» դաշինքն այստեղ ստացել է 26 ձայն, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 16: «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը այս ՔԿՀ-ում տվել են 2 քվե, ԲՀԿ-ին ու «Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը»՝ 3-ական: 

«Հրազդան» ՔԿՀ-ում (26/41) եւս առաջատարը «Հայաստան» դաշինքն է: Ընտրելու իրավունք ունեցող 82 կալանավորից ու դատապարտյալից քվեարկությանը մասնակցել է 75-ը:

«Հայաստան» դաշինքը ստացել է 42 ձայն: 2-րդ տեղում այստեղ ԲՀԿ-ն է՝ 13 ձայնով: «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 12 ձայն: 

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում քվեարկել է 50 մարդ՝ ընտրելու իրավունք ունեցող 73-ից: 38 քվե ստացել է «Հայաստան» դաշինքը, 6 ձայն՝ ՔՊ-ն:

«Կոշ» ՔԿՀ-ն (18.71 ընտրատեղամաս) ամենափոքր թվով ընտրողներն ունի. ընտրելու իրավունք ունեցող 9 անձից այստեղ քվեարկել է 8-ը, որից 5 կալանավոր կամ դատապարտյալ իր ձայնը տվել է «Հայաստան» դաշինքին, 2 անձ էլ՝ «Քաղաքացիական պայմանագրին»:

Այն տեղամասերը, որտեղ «Հայաստան» դաշինքը պարտվել է, 2-ն են: Մասնավորապես՝ «Սեւան» ՔԿՀ-ում դաշինքը ստացել է 0 քվե: Այստեղ ընտրելու իրավունք ունեցող բոլոր 11 անձինք քվեարկել են, որից 6-ը իր ձայնը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 4 անձ՝ «Ազատ հայրենիք» դաշինքին: 

33/55 տեղամասում եւս, որ ընդգրկում է «Արթիկ» ՔԿՀ-ն, հաղթողը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է: 21 անձ քվեարկել է այդ ուժին. 8 անձ՝ «Հայաստան» դաշինքին, 3 անձ՝ ԲՀԿ-ին: 

Նշենք, որ ընդհանուր առմամբ քվեարկության իրավունք ունեցող կալանավորվածներից եւ դատապարտյալներից 812 անձ է մասնակցել ընտրությանը։ Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ՝ հունիսի 20-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում են 2019 կալանավորված անձինք և դատապարտյալներ։

Նրանցից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցուցակներում ընդգրկված են և ընտրության իրավունք ունեն 999-ը: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ ընտրելու իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: