Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մասիսում ընտրակաշառք բաժանելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է, այլ անձանց հնարավոր ներգրավածության վերաբերյալ քննություն է իրականացվում․ Գոռ Աբրահամյան

Մասիսում ընտրակաշառք բաժանելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է, այլ անձանց հնարավոր ներգրավածության վերաբերյալ քննություն է իրականացվում․ Գոռ Աբրահամյան
Իրավունք
17:58, 22 июнь 2021
Մասիսում ընտրակաշառք բաժանելու հետ կապված երկու քրեական գործ է քննվում։ Ձերբակալված անձ կա, այլ անձանց հնարավոր ներգրավածության վերաբերյալ քննություն է իրականացվում։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Նորամարգ համայնքում ընտրակաշառքի բաժանման մասին հայտնել էին հունիսի 18-ին․ ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգ գյուղի երկու բնակիչ, նախնական համաձայնության գալով, խմբի կազմով, նույն գյուղի բնակչության շրջանում գումարի տեսքով ընտրակաշառք են բաժանել և շարունակում են բաժանել:

Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ձեռք բերվել, որ նշված անձինք Նորամարգ գյուղի բնակչության շրջանում 15.000-20.000 դրամի սահմաններում փող են բաժանել դաշինքներից մեկի օգտին՝ քվեներ ապահովելու համար: