Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ նախագահը ճնշո՞ւմ է գործադրում դատարանի նախագահի վրա «ֆեյքերի գործով» կալանքի համար

ԲԴԽ նախագահը ճնշո՞ւմ է գործադրում դատարանի նախագահի վրա «ֆեյքերի գործով» կալանքի համար
Իրավունք
17:46, 22 февраль 2021
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը երեկ Aysor.am-ին ասել է, թե ծանոթացել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ ՀՀԿ-ական Վահագն Վարագյանի երեկվա գրառմանը, ըստ որի, իբր «դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը երեկ «Տրիումֆ» սրճարանում հեռախոսի մեջ գոռում էր՝ «ինչ կապ ունի, որ երեք անչափահաս երեխա ունի, ոնց ուզում ես արա, դրանք պետք է նստեն»»։ 

Խոսքը Ազգային անվտանգության ծառայության հարուցած քրգործի մասին է, որով ԱԱԾ-ն ֆեյսբուքյան ֆեյք օգտատեր «Gagik Soghomonyan»-ին բացահայտելու համար ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արա Սաղաթելյանն ու Արամ Սարգսյանը կալանավորվել են։

Թեև տրամաբանության շրջանակում դժվար է պատկերացնել, որ դատարանի որևէ նախագահ նման բացահայտ կերպով «պետք է նստեն» հրահանգ տա, այն էլ հանրային վայրում, լրատվամիջոցը, որը, որոշ տեղեկություններով, պատկանում է երեկ կալանավորված Արա Սաղաթելյանին, հարց է ուղղել ԲԴԽ նախագահին, վերջինս էլ պատասխանել է, թե ճանաչում է Արթուր Մկրտչյանին ու չի հավատում, որ նման բան կարող է տեղի ունեցած լինել՝ հավելելով․ «Բայց չեմ բացառում, այսինքն՝ չեմ հավատում, բայց չեմ էլ բացառում»։ 
Civic.am-ն այսօր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարց ուղղեց, թե արդյոք այն, որ ինքը չի բացառել Արթուր Մկրտչյանի կողմից հնարավոր հրահանգը, որոշակի ճնշում չէ՞ ԲԴԽ նախագահի կողմից  դատարանի նախագահի վրա։ «Մի բառով պատասխանեմ՝ ոչ, սխալվում եք»,-հայտարարեց Վարդազարյանը։ 

Մեր հստակեցմանը, թե իր հայտարարությունը նաև մեղադրանք է դատարանի նախահանին, Վարդազարյանն ասաց. «Ես ասում եմ՝ չեմ բացառում, դա մեղադրա՞նք ա, եթե չեմ բացառում»։   

Հիշեցրինք, որ իր նախորդ հայտարարությունից հետո, երբ ասաց, թե դատավորները պետք է ապացուցեն՝ վնգստացո՞ղ դատավորներ են, թե՞ ոչ, վարչապետի մահափորձի գործով կալանավորվածներն ազատ արձակվեցին, և այլևս կալանքի որոշումներ չեղան անգամ ծանր քրգործերով։

«Ես ի՞նչ կապ ունեմ կալանք տալու հետ»,-հակադարձեց ԲԴԽ Նախագահը։ Մեր դիտարկմանը, թե եթե կալանք տալու հետ կապ չուներ, ինչո՞ւ էր վարչապետի մահափորձի գործով մեղադրյալներին կալանք տալու ժամանակ հայտարարություն անում, ԲԴԽ նախագահը պատասխանեց․ «Սխալվում եք։ Ես ասել եմ, որ օրհասական պահն է հասել, որ դատական իշխանությունը պետք է ցույց տա իր անկախությունը և չտրվի որևէ քաղաքական ուժի ճնշմանը չենթարկվի, որ գործի բացառապես օրենքով և իրավունքի գերակայության սկզբունքով։ Դատարանը միլիոն ուրիշ հարց էր քննում, եթե էդ օրը 4 հատ կալանքի հարց էր քննում, քննում էր նաև 30 հատ քրեական գործ ու երևի մի 2 հազար հատ քաղաքացիական գործ։ Որտեղից վերցրեցիք, որ նաև կալանքին է վերաբերվում իմ ասածը։ Ես որևէ անգամ որևէ դատավորի չեմ ուղղորդել երբեք նման իրավասություն էլ չունեմ, նման ցանկություն էլ»։ 

Հիշեցնենք, որ հատկապես այն պահից, երբ անցյալ տարվա նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը կոչ արեց դատավորներին ապացուցել՝ իրենք վնգստացող դատավորնե՞ր են, թե՞ ոչ, դատական համակարգը բացահայտ դեմարշ է իրականացնում գործող իշխանության դեմ. Անգամ վարչապետի մահափորձի մեջ մեղադրվողներն են ազատ արձակվում դատարանի դահլիճից, դատարանի որոշմամբ կալանքից ազատվեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին նոյեմբերի 10-ին ծանր մարմնական վնասվածքներ հասցրած անձը, այս ընթացքում դատարաններն ազատ արձակեցին նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներին, ծանր հանցանքների մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաներից որևէ մեկն այսօր կալանավորված չէ:

Թերևս բացառություն է միայն երեկ կալանավորված Արա Սաղաթելյանը։  

Մարինե Խառատյան