Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվում շարունակվել է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի շինծու քրգործով դատավարությունը

Բաքվում շարունակվել է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի շինծու քրգործով դատավարությունը
Իրավունք
16:13, 23 июнь 2021
Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը։ Ադրբեջանը հայ գերիներին մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիների իբր խոշտանգման ու այլ հանցագործությունների կատարման մեջ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստն ընթացել է Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ։ Նիստի ընթացքում տուժողները ցուցմունք են տվել՝ նշելով, որ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանն ու Ալյոշա Խոսրովյանը, իբր, իրենց խոշտանգել են գերության մեջ։

Այսօր ցուցմունք է տվել նաև Ալյոշա Խոսրովյանը։ Նա նշել է, որ իրեն ձերբակալել են Ջաբրայիլում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Դատական նիստը շարունակվելու է հունիսի 30-ին։ Նշենք, որ հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել հունիսի 2-ին, այնուհետև ևս երկու նիստ՝ հունիսի 9-ին ու հունիսի 16-ին։

Հավելենք, որ պաշտոնական Բաքուն հայ ռազմագերիների դեմ հարուցել է շինծու քրեական գործեր՝ Հայաստան նրանց վերադարձին խոչընդոտելու համար։ Մեկ այլ ռազմագերու՝ լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին էլ Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել։