Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1 գործը կարճելու և Քոչարյանի արդադարացման դեմ բողոք ներկայացրած դատախազը միջնորդեց դիմել ՍԴ

Մարտի 1 գործը կարճելու և Քոչարյանի արդադարացման դեմ բողոք ներկայացրած դատախազը միջնորդեց դիմել ՍԴ
Իրավունք
15:20, 24 июнь 2021
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Մարտ 1-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1֊րդ հոդվածով դադարեցնելու մասին որոշման դեմ բողոքների քննությունը։

Դատական նիստին Ռոբերտ Քոչարյանն ու մյուս ամբաստանյալները  չեն ներկայացել։ Ներկայացել են պաշտպաններ Կարեն Մեժլումյանը, Էրիկ Ալեքսանյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը և դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը։

Մեղադրող դատախազը միջնորդեց դատարանին, որպեսզի վերջինս դիմի ՍԴ՝ 309,1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցով։

Ըստ դատախազի, Քոչարյանի և մյուսների մեղադրանքը պետք է վերաորակվի, քանի որ երբ վերանում է կլանող նորմը՝ 300,1 հոդվածը, վարույթը բացառող հանգամանքը ի հայտ գալուց հետո առաջանում է հատուկ նորմը։ «Երբ ունենք երկու նորմ, որոնք մրցակցում են՝ հատուկ ու կլանող նորմեր, և հատուկը կլանում է մյուս նորմը և ինչ֊որ իրավիճակում հատուկ նորմը վերանում է, օրինակ ՍԴ֊ն այն հակասահմանադրական է ճանաչում, ապա պետք է արարքը վերաորակվի կլանվող նորմով։ Քանի որ կառուցակարգերը հնարավորություն չեն տվել, արարքը վերաորակավորել և քրեական հետապնդումը ՍԴ որոշումից հետո դադարեցվել է, այդ պատճառով այս միջնորդությունը դատախազները ներկայացրել են վճռաբեկ դատարանին, այլ ոչ՝ առաջին ատյանի դատարանին»,- նշեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։

ՍԴ որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս գործով դիմել է ՍԴ, իսկ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդություն են ներկայացրել՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին։

Բացի այդ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նաև միջնորդություն էին ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին։

Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, արդարացման հիմքով դադարեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Միևնույն ժամանակ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը։

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը բողոքարկել է նաև տուժող կողմը։ Բացի դա՝ պաշտպանության կողմը ևս վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ գրավի չափը նվազեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման մասով։

Պաշտպանական կողմը խնդրեց դատարանին իրենց ներկայացնել նիստի ձայնագրությունը և՝ ժամանակ, դատախազների միջնորդությունը վերծանելու և դիրքորոշում հայտնելու համար։

Դատական նիստը վերանշանակվեց Հուլիսի 15-ին, ժամը 11։00-ին։