Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է գլխավոր դատախազություն՝ Գորիսի քաղաքային պուրակի ապօրինի օտարման հիմքով

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է գլխավոր դատախազություն՝ Գորիսի քաղաքային պուրակի ապօրինի օտարման հիմքով
Իրավունք
13:50, 25 июнь 2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Ստուգման արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների  մի շարք խախտումներ։ 

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարի 16.07.2019թ. N528-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.009հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Մհեր Բադիրյանին: 

      Համայնքի ղեկավարի՝ 12.06.2020թ. N275-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.009հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Հայկ Պողոսյանին: 

      Համայնքի ղեկավարի՝ 13.07.2007թ. N152-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Ժասմեն Խաչատրյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է Մհեր Բադիրյանին: 

        Համայնքի ղեկավարի՝ 04.12.2008թ. N207-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Տիգրան Կարապետյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է «Յուքոմ» ՍՊԸ-ին: 

      Համայնքի ղեկավարի՝ 13.07.2007թ. N154-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Ռուբեն Առաքելյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է Մհեր Բադիրյանին: 

      Համայնքի ղեկավարի՝ 04.12.2008թ. N206-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Գուրգեն Բախշյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է Մերի Մալինցյանին: 

     Սակայն նշված 6 հողամասերն ըստ ՀՀ կառավարության 19.01.2006թ. «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային  համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N39-Ն որոշման՝ իրենցից ներկայացնում են քաղաքային պուրակ, հետևաբար՝ գործել է օտարման արգելք։

     Նշվածից բացի 30․04․2021թ․ Գորիս համայնքի ղեկավարը կայացրել է 261-Ա որոշումը՝ Գորիս քաղաքի Գ․ Տաթևացի փողոցի թիվ 4/3 հասցեում առկա ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին, մինչդեռ ՀՀ կառավարության 01․06․2006թ․ 1053-Ն որոշման համաձայն՝ հողամասը չմասնավորեցվող է, այսինքն՝ ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, որի հիմքով էլ ՀՀ կադաստրի կողմից գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է։ 

Արդյունքում թույլ  են տրվել  հետևյալ խախտումները՝

  • Համայնքային սեփականություն հանդիսացող քաղաքային պուրակ հողամասը օտարվել է, որը  դասվում է չմասնավորեցվող հողերի շարքին, և նշված հողամասի օտարումը արգելվում է,

  • ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում առկա ինքնակամ կառույցն օրինականացվել է ։

Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։