Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բժշկական դիմակով ավազակային հարձակում՝ «Կրեդո Ֆինանս» ընկերության աշխատակիցների նկատմամբ

Բժշկական դիմակով ավազակային հարձակում՝ «Կրեդո Ֆինանս» ընկերության աշխատակիցների նկատմամբ
Իրավունք
19:13, 28 июнь 2021
2021թ. հունիսի 28-ին՝ ժամը 11:02-ից մինչև 11:04-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով, մուտք է գործել Երևան քաղաքում գործող «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել ընկերության աշխատակիցներ վրա, պահանջել գումար, այնուհետև պահանջել է բացել չհրկիզվող պահարանը,  որտեղից անձամբ հափշտակել է ընկերությանը պատկանող խոշոր չափերով, նախնական տվյալներով, 2.730.990 ՀՀ դրամ  գումար և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: