Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանին մտահոգում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հարցը, մինչդեռ քրեական գործն արդեն հարուցված է․ դատախազ

Դատարանին մտահոգում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հարցը, մինչդեռ քրեական գործն արդեն հարուցված է․ դատախազ
Իրավունք
14:32, 29 июнь 2021
Այսօր՝ հունիսի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու մեջ։ 

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով դատարանի հայտարարությունը նշեց հետևյալը․ «Դատարանն արձանագրեց, որ նախորդ դատական նիստը հետաձգելու պատճառը շարունակում է առկա լինել, մասնավորապես դատարանի համար պարզ չէ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կարգավիճակը, քանի որ նրանք «Հայաստան» դաշինքի ցուցակում են եղել և ԱԺ պատգամավոր կարող են դառնալ։ Դատարանին մտահոգում էր նրանց անձեռնմխելիության հարցը։
Դատարանի հայտարարությունից պարզ էր, որ նրանք ձեռք են բերում անձեռնմխելիություն և նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար պետք է անձեռնմխելիություն հաղթահարվի»։ 

Դատախազի խոսքով դատարանն այլ կերպ է մեկնաբանել անձեռնմխելություն ձեռք բերելու մասով Սահմանադրական նորմը, քանի որ Սահմանադրական կարգավորումներն այլ ձևակերպում ունեն։ Նրա խոսքով քրեական հետապնդում հարուցելու փուլը վաղուց ավարտված է և անձեռնմխելիության խնդիր չի առաջանա, մինչդեռ դատարանը անձեռնմխելության հարց է առաջ բերում։ Գևորգ Բաղդասարյանի մեկնաբանմամբ անձեռնմխելիության հարց կառաջանար, եթե նոր հարուցվող գործի մասին խոսք լիներ․ «Պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանող նորմը ունի հետևյալ բովանդակությունը՝ ԱԺ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել առանց ԱԺ համաձայնության և պատգամավորը չի կարող ազատությունից զրկվել առանց ԱԺ համաձայնության։ Սա նշանակում է, որ երկու իրավիճակում անձեռնմխելիության հարցը կարող է քննարկվել՝ մեկը քրեական հետապնդում հարուցելու, մյուսը ազատությունից զրկելու պարագայում։ Մենք ազատությունից զրկելու հարց այս պահին չենք քննարկում, որովհետև խափանման միջոցները ազատությունից զրկելու հետ կապված չեն։ Իսկ մնացած հարցերը հետագայի՝ վարույթի ավարտի հարցեր են։ Ինչ վերաբերում է քրեական հետապնդման ենթարկելուն կամ դա շարունակելուն՝ ապա Սահմանադրության նորմերի տառացի ձևակերպումից երևում է, որ խոսքը բացառապես քրեական հետապնդում հարուցելու մասին է։ Իսկ քրեական հետապնդում հարուցելը անձին մեղադրյալ ներգրավելն է, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելը կամ ձերբակալելը։ Քրեական հետապնդում հարուցելու փուլը վաղուց ավարտված է և անձեռնմխելիության խնդիր չի առաջանա»։ 

Մեղադրող դատախազի խոսքով՝ իրենք առարկել են դատարանի հայտարարության կապակցությամբ, որից հետո դատարանը ընդմիջում է հայտարարել․ «Մենք նաև դատարանին հարց ենք առաջադրել՝ պարզաբանելու թե այդ վերլուծությունն ինչից է բխում»։