Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Դավիթ Բալայանի արդարացրած Արամ Հարությունյանի արարքը ոչ թե խոսքի ազատություն է, այլ բռնության բացահայտ կոչ և քրեորեն պատժելի արարք․ ԽԱՊԿ նախագահ

Դատավոր Դավիթ Բալայանի արդարացրած Արամ Հարությունյանի արարքը ոչ թե խոսքի ազատություն է, այլ բռնության բացահայտ կոչ և  քրեորեն պատժելի արարք․ ԽԱՊԿ նախագահ
Իրավունք
18:34, 01 июль 2021
Նիկոլ Փաշինյանին ուղղված բռնության կոչ հնչեցնելու համար մեղադրվող «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն օրերս արդարացվեց։  

Նշենք, որ Արամ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։ «Youtube» կայքէջում 22.12.2020 թվականին տեղադրված «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով տեսանյութում նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետևյալ խոսքերն էր ուղղել․ «Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդիննա, Թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են, Նիկոլ քո ընտանիքի համար, քո ընտանիքի անվտանգության համար արի էստեղ, ծնկաչոք ներողություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետև դու պատժվելու ես, եթե չգաս, դու չես կարա փախնես, չես հասցնի փախնես, մենք չենք կարող ամեն հայի ձեռք բռնել, մարդ կա երկու երախայա կորցրել, մարդ կա ընտանիքը, տուննա կորցրել, ոչ մեկը չի կարող էտ մարդու ձեռքը բռնել, եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»։

Արամ Հարությունյանը չէր ընդունել իրեն մեղսագրված մեղադրանքը, շեշտել էր իր ելույթի քաղաքական բովանդակությունն ու հավելել, որ իր հիշելով այդ խոսքերը հնչեցրել է Հանրապետության հարապարակում հանրահավաքի ժամանակ, որպես քաղաքական գործիչ, որը հրապարակվել է «Յութուբով»։ Եվ այդ ելույթը եղել է մտահոգություն կապված երկրի ապագայի, անվտանգության և իհարկե կոնկրետ վարչապետի վերաբերյալ։ 

Դատավոր Դավիթ Բալայանը՝ Արամ Հարությունյանի արադարացման դատավճռում մեջբերումներ էր արել մի շարք օրենքներից ու կոնվենցիաներից՝ այդ թվում խոսքի ազատության մի շարք դրույթներին ու քաղաքական խոսքին էր անդրադարձել։ Դատավորը նաև հիմնավորված չէր համարել «Youtube» կայքէջում հրապարակված Արամ Հարությունյանի խոսքն արդյոք իր իմացությամբ է հրապարակվել, թե ոչ, ինչպես նաև արձանագրել էր, որ վարույթն իրականացնող մարմինը չի հստակեցրել ենթադրյալ հանցանքը կատարելու տեղն ու ժամը, թեպետ իր ենթակայության տակ գտնվող տվյալներով կարող էր դա անել։ 

Փաստաբան Լուսինե Հակոբյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե Արամ Հարությունյանը իր ցուցմունքում ընդունել և հայտնել է իր ելույթի տեղն ու ժամը՝ ապա դատարանը կարող էր դա հիմք ընդունել, մինչդեռ դատավոր Դավիթ Բալայանը նշել է, որ վարույթն իրականացնող մարմինը չի հստակեցրել ենթադրյալ հանցանքը կատարելու տեղն ու ժամը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով էլ դատավորի կողմից Յութուբյան ալիքին հղում կատարելը ազնիվ չէ, որովհետև այսպես, թե այնպես այդ խոսքը հնչել է հրապարակայնորեն․ «Ինչ խոսք քաղաքական հռետորաբանության մեջ հնարավոր է որոշ չափազանցումներ և այս առումով խոսքի ազատությունը ենթադրում է այդպիսի չափազանցություններ։ Բայց մյուս կողմից սա ոչ թե պետք է դիտարկել խոսքի ազատության տեսանկյունից, այլ բացահայտ բռնության կոչեր կամ սպառնալիքներ հնչեցնելու տեսանկյունից, որը և մեր օրենսդրությամբ և միջազգային օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարք է»։ 

Աշոտ Մելիքյանի տեսանկյունից առաջին ատյանի դատարանի որոշմամբ չի ավարտվի այս վեճը և հիմքեր կան գործը բողոքարկելու համար․ «Խոսքի ազատությունը նախատեսում է ողջամիտ որոշ սահմանափակումներ՝ այդ թվում բռնության կոչերը, ռասսայական, կրոնական խտրականությունը և այլն»։ 

Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը օրենսգրքում լրացվել է գործող իշխանության կողմից՝ նախքան պատերազմը։ Դատավոր Դավիթ Բալայանի կայացրած դատավճիռն առաջին դատական ակտն է 226.2 հոդվածով, մինչդեռ այս հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված են մի շարք անձինք։ 

Փաստաբան Լուսինե Հակոբյանը կարծում է, որ այս դատավճիռն աննախադեպ է, բայց նաև ընդգծեց, որ իր տեսանկյունից այն հիմք չի հանդիսանա նույն հոդվածով մեղադրվող անձանց կայացվելիք դատավճիռների հարցում․ «Կամ հիմք կհանդիսանան տարբեր դատավորների քաղաքական կապերը, կամ եթե իրենք իսկապես անկախ և պրոֆեսիոնալ են՝ ապա այդ պրոֆեսիոնալիզմի անաչառության սկզբունքները։ Եվ ըստ այդմ էլ իրենք իրենց որոշումները կկայացնեն»։  

Փաստաբանի խոսքով՝ դատական համակարգի խորքային բարեփոխման համար Սահմանադրությունը չի խոչընդոտում․ «Այն մեխանիզմները, որոնք կիրառվել են այսօր՝ օրինակ էթիկայի և կարգապահական հանձնաժողովը, բարեվարքության ստուգման հանձնաժողովը, և այս հանձնաժողովների ստեղծման հարցը եթե պատշաճ կարգավորվեր և ներգրավեին անկախ մասնագետներ բավական լուրջ ազդեցություն կգործեր դատական համակարգի վրա»։

Նարա Մարտիրոսյան