Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվին Գյուլումյանը դժգոհ է իր կենսաթոշակի չափից , նա դիմել է դատարան

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվին Գյուլումյանը դժգոհ է իր կենսաթոշակի չափից , նա դիմել է դատարան
Իրավունք
18:29, 23 февраль 2021
ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը դատի է տվել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն ու սոցիալական ապահովության պետական ծառայությանը, տեղեկանում են Դատական տեղեկատվական համակարգից:

Նա պահանջում է սահմանված կարգով իր կենսաթոշակը վերահաշվարկել եւ ոչ իրավաչափ հաշվարկի արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարն իրեն վճարել:  

Ալվինա Գյուլումյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ՍԴ 3 դատավորների լիազորությունները դադարեցումից հետո նրանցից 2-ի կենսաթոշակները հաշվարկվել են ՍԴ օրենքի մասին մի կետով, իսկ իրենը՝ մեկ այլ կետով, եւ արդյունքում ինքը ստանում է նրանց ստացած կենսաթոշակի կեսից էլ պակաս:

Հարցին՝ ի՞նչ խնդիր է առաջացել, որ իր կենսաթոշակն այլ կերպ է հաշվարկվել, Գյուլումյանը պատասխանեց. «Ասում են՝ դուք 2014 թվականին այստեղ չեք աշխատել, բայց ես էլի դատավոր եմ եղել Եվրոպական դատարանում: Մի քիչ իրավական նրբություններ կան, եւ ես գտնում եմ, որ խտրական վերաբերմունք է դրսեւորվել, ու օրենքը սխալ է մեկնաբանվել, հիմա տեսնենք՝ դատարանն ինչ կորոշի»:

Հայցը փետրվարին 22-ին ներկայացվել է Վարչական դատարան եւ մակագրվել դատավոր Գեւորգ Սոսյանին:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով ՍԴ 3 անդամների՝ Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի եւ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները դադարեցվել են, քանի որ նրանք պաշտոնավարել են 12 եւ ավելի տարիներ: