Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ն մերժել է դատավորների ինքնաբացարկի միջնորդությունները․ azatutyun.am

ՍԴ-ն մերժել է դատավորների ինքնաբացարկի միջնորդությունները․ azatutyun.am
Իրավունք
16:48, 06 июль 2021
Սահմանադրական դատարանը աշխատակարգային վերջին նիստում դատավորների ինքնաբացարկի մեկից ավելի միջնորդություն է քննել և բոլորն էլ մերժել։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։

Նա չմեկանբանեց այն տեղեկությունը, որ դատավոր Վահե Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Արևիկ Պետրոսյանը, իսկ Վահե Գրիգորյանն իր հերթին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Հրայր Թովմասյանին։

Ինքնաբացարկի հիմնավորումների վերաբերյալ ևս ՍԴ-ից տեղեկություններ ստանալ չհաջողվեց։

Վահե Գրիգորյանի ինքնաբացարկի հարցը ՍԴ ներկայացրած դիմումի մեջ ներառել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը։ Ըստ օրենքի սակայն, ինքնաբացարկի հարցը Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է դառնալ միայն եթե դատավորներից մեկը այդ հարցը բարձրացնի։ Ստացվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներից մեկը համակարծիք է եղել Ռոբերտ Քոչարյանի դաշինքի հետ, որի անդամ Արամ Վարդևանյանն ավելի վաղ ներկայացրել էր, թե ինչու իրենց կարծիքով Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել բողոքի քննությանը. - «Պատճառը շատ հստակ է։ Վահե Գրիգորյանը մասնակցել է որպես դատավարական հակառակորդ կոնկրետ գործով, կարելի է ասել՝ հանդես գալով ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի»։

Ինքնաբացարկի միջնորդության բավարարման համար անհրաժեշտ է որակյալ մեծամասնություն, այսինքն՝ ինը դատավորներից վեցը պետք է կողմ քվեարկեին, ինչը տեղի չի ունեցել։

Նույն աշխատակարգային նիստում որոշվել է նաև, որ Աժ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող չորս քաղաքական ուժերի դիմումների քննությունը տեղի կունենա հուլիսի 9-ին։ Դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: