Առավոտյան մամուլում լուր տարածվեց, որ օրերս Մոսկվայի Ararat Park Hyatt հյուրանոցի ռեստորանում Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին և Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին տեսել են միմյանց հետ սրճելիս։
Հիշեցնենք, որ արդարադատությունից արտերկրում թաքնվող Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ և Հայաստանում ՊԵԿ մեղադրանքով քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի հարստացման և միլիարդավոր դրամի հարկեր թաքցնելու համար։
Նա բունկեր-խոհանոցում քաղաքական կոկտեյլ- շոուներ էր նկարահանում, իսկ վերջին ամիսներին Հայաստանում ցնցումներ առաջացնող մեդիատեռորի գործընթացը հովանավորելուց ու «Փաշինյանին հեռացնելու» մոլուցքով իր թիմով հիմնականում Քոչարյանին աջակցելուց բացի, այժմ էլ հանդիպումներ է ունենում Քոչարյանի թիմի հետ։
Civic.am-ը կապ հաստատեց նախաքննության մարմին հանդիսացող ՊԵԿ-ի լրատվականի հետ՝ ճշտելու համար, արդյոք նրանք տեղյա՞կ են Մինասյանի գտնվելու վայրի մասին և ի՞նչ են նախաձեռնում անել։
Մեր հարցերին ՊԵԿ-ից կտրուկ պատասխան տվեցին, թե՝ ոչ, տեղյակ չեն՝ հավելելով, որ գրավոր դիմենք։ Ապա նշեցին նաև, որ Միքայել Մինասյանի քրգործի հետ կապված որևէ նորություն չկա։ Մինասյանի նկատմամբ հետախուզում իրականացնող մարմինը՝ ոստիկանությունը, մեր հարցին պատասխանեց հետևյալ կերպ. «Ենթադրենք մարդիկ հանդիպել են, ի՞նչ ա Ձեզ հետաքրքրում։ Հետախուզվողին հայտնաբերելու մասով, օրենքով սահմանված կարգով իրականացնում են բոլոր գործողությունները»։
Հստակեցնող հարցին՝ արդյոք դիմելո՞ւ են ռուս գործընկերներին՝ Մինասյանին հայտնաբերելու ու բերման ենթարկելու համար, ոստիկանությունից չպատասխանեցին․ «Մենք արդեն պատասխանել ենք ձեր հարցին»։
Նշենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ մուլտիմիլիոնատեր դարձած Մինասյանի դեմ հարուցված են գործեր ապօրինի հարստացման ու հարկեր թաքցնելու հոդվածներով: ՊԵԿ-ում հարուցված թիվ 83160718 քրեական գործը, որով մեղադրվում է Մինասյանը, հարուցվել է դեռ 2018 թվականի հուլիսի 3-ին: Գործը վերաբերում է «Գրինպրոդուկտ», «Վիլլիջ գրուպ» և «Սպայկա» ընկերությունների թաքցրած միլիարդավոր դրամների հարկերին: Երեք ընկերությունների հետ կապված տարբեր քրգործեր են հարուցվել, հետո միավորվել են նույն գործում, քանի որ փոխկապակցված են «Սպայկային»: Ընդ որում, ըստ ՊԵԿ փաստաթղթի՝ թե՛ «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանը, թե՛ «Գրինպրոդուկտի տնօրեն Կարեն Առուստամյանն ընդունել են մեղքը և «իրենց լիովին մեղավոր են ճանաչել»: 2018-ին ՀՀ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից կատարվել էր «Գրինպրոդուկտ» ընկերության հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ, որի արդյունքում պարզվել էր, որ հիշյալ ընկերությունը 2017 թվականի հաշվարկով ներկայացրել է 2 մլրդ 139 մլն 518.476 ՀՀ դրամի չափով իրացման պակաս շրջանառություն, ինչի արդյունքում պակաս է հաշվարկել և պետական բյուջե վճարել 427 մլն 903.695 ՀՀ դրամ գումար (մոտ 380 000 դոլար):
ՊՆ-ից կասկածելի գործարքով Մինասյանի ձեռք բերած «Ձորագետ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին: Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների վերոհիշյալ գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլրդ 52 մլն 65 հազար դրամ գումար:
Մարինե Խառատյան