Արցախում Բաքվի հետ համատեղ «հակաահաբեկչական օպերացիա» իրականացնելով՝ Կրեմլը պատժում է ՀՀ իշխանությանը՝ ճորտի կարգավիճակը թոթափելու, ինքնիշխան քայլեր անելու համար
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր՝ հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 44-օրյա պատերազմի օրերին այս ձևակերպմամբ տեղեկությունը ընկալման տեսանկյունից գուցե նորմալ համարվեր՝ Ադրբեջանը 1994-ից հետո միշտ է խախտել հրադադարն ու սանձազերծել ռազմական գործողություններ, սակայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո նման տեղեկությունը ոչ մի կերպ ընկալելի չէ այն պարզ պատճառով, որ Արցախում խաղաղության երաշխավորումը վերապահված է ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Ինչն է ուշագրավ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը և թուրք-ռուսական մոնիթորինգային կենտրոնի ղեկավարությունը տեղեկացված են Լեռնային Ղարաբաղում սկսված՝ «տեղական բնույթի հակաահաբեկչական գործողությունների մասին»՝  «տարածաշրջանում լայնածավալ սադրանքները կանխելու, հայկական զինված ուժերի ստորաբաժանումների զինաթափումն ու ադրբեջանական տարածքներից դուրսբերումը ապահովելու, ԼՂ զինվորականներին չեզոքացնելու նպատակով»։ 

44-օրյա պատերազմի երրորդ տարելիցին ընդառաջ, փաստորեն, ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում տեղի է ունենում ռազմական լայնամասշտաբ հարձակում, ինչը աղաղակող ապացույցն է այն բանի, որ  ՀՀ դաշնակից երկրի խաղաղապահներն իրենց տեղում չեն, այո՛, դասալքության են դիմել ու դավադրաբար ադրբեջանական կրակի տակ թողել իրենց պատասխանատվության գոտին։  Փաստ է նաև, որ խաղաղապահ առաքելությունը իր գործունեության այս ողջ ընթացքում,  մեղմ ասած, չի փայլել  իր պատասխանատվության իրացմամբ, ավելին՝ դիմել է սաբոտաժի, նենգաբար գործակցել ադրբեջանական կողմի հետ ու սիրահոժար կատարել  Ալիևի բոլոր կապրիզները։ Արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում  ռուս-ադրբեջանական հրեշավոր գործարքի մասին, ըստ այդմ՝ ռուսական կողմը Ադրբեջանին տրամադրել է ԼՂ-ում բոլոր դիրքերի, տեխնիկայի տեղակայման վայրերի կոորդինատները ու հեռացել նշված վայրերից, և Ադրբեջանը սկսել է զանգվածային հրետակոծությունը:

Ժամեր  առաջ էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, թե «ՌԴ ԱԳՆ-ն կապի մեջ է Ադրբեջանի հետ՝ վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություն» անցկացնելու մասին հայտարարությունից հետո», ապա հավելել՝ «Բաքուն Մոսկվային տեղեկատվություն է տրամադրում գործողության վերաբերյալ», ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն կհրապարակի Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ ադրբեջանական կողմի հետ շփումներից հետո։ Տպավորություն է, թե այս հայտարարության հեղինակը Արցախում ոչ մի պատասխանատվություն չստանձնած, «դիտորդ երկրի»  ներկայացուցիչ է, որը «պոստ ֆակտում» որոշել է արձագանքել տեղի ունեցածին ու ճշտումներ անել, թե՝ հարգելի Ադրբեջան, կարելի՞ է  իմանալ, թե այդ ինչ հակաահաբեկչական գործողության մասին է խոսքը, մի քիչ մանրամասն, խնդրում եմ,  մենք «գրի ենք առնում»։ 

Նկատենք, որ օրերս Վլադիվոստոկում  կայացած Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինին հարց հղվեց ՀՀ իշխանության վերջին շրջանի վարքագծի, հայտարարությունների մասին։ Ուշագրավ էր հարցի ձևակերպումը, ինչից ակնհայտ դարձավ, որ ռուսական պրոպագանդան անգամ չի կարողանում թաքցնել այն, որ իր համար  անընդունելի, պարանորմալ է ՀՀ-ի սուվերեն շարժուձևը՝ մատնելով  ՀՀ-ի և Արցախի մասով իրենց առաջիկա պլանը՝  ՀՀ-ի նկատմամբ պատժիչ գործողություններ սկսել՝ հարվածելով  Արցախին։  «Նախօրեին սկսեցին հայ-ամերիկայն զորավարժությունները, Փաշինյանի կինը մեկնել է Կիև, ԱԺ նախագահը իրեն թույլ է տվել մեր ԱԳՆ-ի հասցեին անվայելուչ արտահայտություններ։ Ինչո՞ւ տեղի ունեցավ ՀՀ-ի այս շրջադարձը, և ինչպե՞ս այս ամենը կանդրադառնա Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի վրա, և Հայաստանի համար ինչի՞ կարող է այս ամենը բերել»։ Զգացի՞ք  հարցում ձևակերպված՝ առաջիկա պատժիչ գործողության  մասին բացահայտ ակնարկը։ Պուտինն այս հարցին մասնավորապես պատասխանեց. «Չեմ կարծում, որ տեղի է ունեցել շրջադարձ, մենք տեսնում և հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում...»։ Փաստորեն, ՀՀ ինքնիշխան քայլերը՝ հայ-ամերիկյան զորավարժություններ, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայում, ՌԴ-ին  ստանձնած պարտավորությունների կատարման պահանջի ներկայացում ու պրետենզիաների ներկայացում, ըստ ռուսական ագիտպրոպի, անխուսափելիորեն պետք է անդրադառնան ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակի վրա, և ՌԴ-ն Ադրբեջանի ձեռքով պետք է խփի ՀՀ-ի «վզակոթին»։ Այն, ինչ կատարվում է այսօր Արցախում, հենց այդ «պատժիչ գործողության» շրջանակներում է։  

Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 10-ին, երբ նոր էր ստորագրվել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ՌԴ պրոպագանդան սկսել էր ակտիվ գովաբանել իր ջանքերը 44-օրյա պատերազմում հրադադար հաստատելու գործում,  ընդհուպ  օրհնել խաղաղապահների մուտքը  Արցախ։  Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյն էլ ռուսական պրոպագանդիստական ալիքի եթերում սպառնացել էր, թե ցանկացածը, ով կհանդգնի հարձակվել ռուս խաղաղապահի վրա, այնպիսի հարված կստանա, «որն անգամ Սաակաշվիլին իր երազում չի տեսել»։ «Այսինքն՝ եթե նախորդ անգամ Թբիլիսին չենք վերցրել, ապա այս անգամ ամեն ինչ ավելի լուրջ է լինելու, քան նախորդ անգամ։

ՌԴ-ն թույլ չի տա իրեն վիրավորել ու իր ընկերներին չի թողնի փորձանքի մեջ»,- ծոր էր տվել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան։ 

 Փաստորեն, Ադրբեջանը Տոլստոյի այս սպառնալիքը ականջին օղ է արել, ու որպեսզի Սաակաշվիլիի օրը չընկնի՝ մռութին ուտի ու կորցնի Բաքուն, 3 տարի շարունակ Արցախի ժողովրդին է թիրախավորել՝  ահաբեկչական գործողություններ է իրականացնում, սպանում,  դիվերսիա կազմակերպում, օկուպացնում։ Փույթ չէ, որ այս այլանդակությունը տեղի է ունենում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, կարևորը, որ ոչ մի խաղաղապահի եղունգ այդ այլանդակության հետևանքով չի կտրվել, ոչ մի խաղաղապահի   քթից արյուն չի եկել։ 

Դե, իսկ ընկերներին վտանգի մեջ չթողնելու մասին խոստումը պետք է համարել պահի տակ հնչած քնարական զեղում, ոչ ավելին։   
 
Հ. Մ.