Եթե Հայաստանը ճանապարհը չբացի, այն կանցնի Իրանով. Էրդողանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Անկարան հնարավոր ամեն ինչ կանի «Զանգեզուրի միջանցքը» շուտափույթ բացելու համար, լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնաթիռում՝ Նախիջևանից վերադառնալիս։

Էրդողանը մեկնաբանել է իր նախկին հայտարարությունը, թե Իրանն ավելի շատ խնդիրներ է ստեղծում «Զանգեզուրի միջանցքի» հարցում, քան ինքը՝ Հայաստանը։ Նրա խոսքով՝ Նախիջևանի և Ադրբեջանի այլ տարածաշրջանների հետ ավտոճանապարհների և երկաթուղու միջոցով ուղիղ կապերի հաստատումը կամրապնդի երկկողմ հարաբերությունները։ 

«Այդ պատճառով մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ այդ միջանցքը հնարավորինս շուտ բացելու համար»,- ասել է Էրդողանը։

Նա այդ «միջանցքի» ստեղծումը, որը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, անվանել է ռազմավարական խնդիր:

«Երբ այդ միջանցքը բացվի, Բաքվից դուրս եկող ավտոմեքենան կամ գնացքը կկարողանան ուղիղ Կարս ժամանել: Թուրք-ադրբեջանական եղբայրությունը կդառնա շատ ավելի ուժեղ: Հաճելի է տեսնել Իրանից դրական ազդանշաններ այս հարցում»,- ասել է Էրդողանը:

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, անհնար է պատկերացնել «միջանցք», որտեղ դեռ գերիշխող է պատերազմը։ Ուստի եթե և՛ «Զանգեզուրի միջանցքը», և՛ Լաչինի միջանցքը դիտարկենք որպես «խաղաղության միջանցքներ», ապա անհրաժեշտ է այդ հարցը լուծել առանց որևէ բախումների և աղմուկի։ 

«Ինչ վերաբերում է Հայաստանով անցմանը, ապա եթե Հայաստանը դրա համար ճանապարհ չբացի, ինչպե՞ս նա կանցնի.  այն կանցնի Իրանի տարածքով: Այս պահին Իրանը դրական է վերաբերվում դրան, և սա հաշվի առնելով՝ այժմ հնարավորություն կստեղծվի Իրանով անցնել Ադրբեջան»,- ասել է Էրդողանը։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 25-ին մեկնել է Նախիջևան, որտեղ բանակցություններ է վարել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ։