Ինչո՞ւ Սամվել Բաբայանը կարողացավ անարգել անցնել ադրբեջանական անցակետով, իսկ Ռուբեն Վարդանյանը ձերբակալվեց։ Civic.am-ին տված հարցազրույցի ընթացքում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ուշադրություն հրավիրեց մի քանի նրբերանգների վրա։ Նախ՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որտեղ քննարկել են Ադրբեջանի կողմից «ռազմական հանցագործ ճանաչված» մարդկանց համաներման մասին։ «Եթե ճիշտ եմ հասկանում ԱՄՆ պետդեպի տարածած հաղորդագրությունը՝ Ալիևը համաձայնել է»,- ասաց Սաֆարյանն ու հիշեցրեց նաև գարնանը Միացյալ Նահանգների ներկայացուցչի դրական արձագանքը, երբ վերջինս ողջունել էր Ալիևի պատրաստակամությունը՝ համաներում շնորհել պատերազմին մասնակցած Ղարաբաղի հայերին։
Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին ձերբակալելուն՝ մեկ ամիս առաջ Ռուբեն Վարդանյանը Եգոր Գլումովի հետ հարցազրույցում Ալիևի երեխաներին սպառնալիքներ է հնչեցրել, և դա կարող է լինել ձերբակալման պատճառը, ինչը տարածվել է ոչ միայն ադրբեջանական մեդիայով, այլև ադրբեջանցի բազմաթիվ դեսպաններ, դիվանագետներ բարձրաձայնել են այդ մասին, Վարդանյանին ահաբեկիչ ներկայացրել։ Ի դեպ՝ հարցազրույցի այդ հատվածը ադրբեջանական տելեգրամ ալիքներով տարածվում է նաև հիմա։
Անդրադառնալով Սամվել Բաբայանի՝ Արցախում իշխանափոխության մասին արված հայտարարությանը, որտեղ Բաբայանը ուղիղ մեղադրանքներ հնչեցրեց Արցախի նախկին և ներկա նախագահների, պաշտոնյաների հասցեին Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ, Ստյոպա Սաֆարյանը ասաց, որ կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ Արայիկ Հարությունյանի փոփոխությունը եղել է ռուսական միջամտությամբ, որի մասին խոսում են փաստերը։
Ստյոպա Սաֆարյանը, խոսելով Սամվել Բաբայանի նշած բանակցությունների մասին, ըստ որի՝ Բաբայանը խոսել է ադրբեջանական կողմի հետ և համաձայնեցրել փաստաթուղթ, որի համաձայն՝ Արցախը պետք է ունենար ինքնավարություն և գվարդիա, ասաց, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ բանակցություններ են եղել, փաստաթուղթ է փոխանակվել։ Բաբայանի նշած բանակցությունը հենց այդ մասին է։ Դրա մասին, ըստ Սաֆարյանի, իմանում են ռուսները։ «Դրա ապացույցը «ՌԻԱ նովոստի»-ի հայտնի զրպարտագիրն էր Արցախի ԱԳ նախարարի վրա։ Ամռանը «ՌԻԱ Նովոստի»-ում գրվում է, որ Արցախի ԱԳ նախարարը ինչ-որ խաղերի մեջ է հօգուտ Վաշինգտոնի, նույն օրը պետական լրատվականի անհասցե նյութը մեկնաբանում է Մարիա Զախարովան։ Հիմա Սամվել Բաբայանն ասում է, որ ինչ-որ մարդիկ ՌԴ ՖՍԲ վարչությանը խաբար են տվել, որ Արցախի իշխանությունները ձեզ հետ անկեղծ չեն, չեն պատմում, որ տակից ինչ-որ բանակցություն են վարում Ադրբեջանի հետ։ Սամվել Բաբայանը չի ասում, որ ինքն է բանակցել, նա այդ բանակցությունների մասին է խոսել»,- ասաց Սաֆարյանը։
Պե՞տք է արդյոք Ղարաբաղի ողջ բնակչությունը դուրս բերվի, թե՞ այնտեղ պետք է պահել որոշ քանակի հայեր։ Ըստ Սաֆարյանի՝ պետք է հնարավորության դեպքում բոլոր հայերին տարհանել, միջազգային կազմակերպությունները պետք է մտնեն ԼՂ, արձանագրեն տեղում իրավիճակը, որ հայերը ինքնակամ չեն դուրս եկել, և Հայաստանը պետք է Արցախը լքած մարդկանց ցուցակագրի, ամեն ինչ փաստաթղթավորի և պահի վերադարձի իրավունքը, այնպես, ինչպես դա արեց Ադրբեջանը, և լուծեց Արցախ՝ ադրբեջանցիների վերադարձի հարցը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան