Արտակարգ դեպք Երևանում. Մամուլի շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել
Այսօր Երևանի Արշակունյաց պողոտայում պայթյուն է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 17:40-ի սահմանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Մամուլի շենքի դիմաց` «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության շենքի և Արշակունյաց 5 հասցեում գործող «Հայ-ռուսական կազակային միավորում» կազմակերպության վարչական շենքի մոտ, պայթյունի ձայն է լսվել, որից հետո հետիոտնի համար նախատեսված հատվածում փոս է առաջացել:
ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ դեպքի վայր է մեկնել։
«Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչները տեղում պարզել են, որ առաջացած փոսը կապ չունի գազատար խողովակի հետ, քանի որ նշված հատվածով գազախողովակ չի անցնում:
Տեղում աշխատում են նաև ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագիտական լաբորատորիայի ծառայողները։