Հայկ Մարությանի՝ Վարդան Ղուկասյանին և Անդրանիկ Թևանյանին ուղղված առաջարկի շուրջ «կենացները», կարծեք, գնալով «քաղցրանում են», և ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու դրաման նոր արարներով է հարստանում։ Երևանի նախկին քաղաքապետը, ինչպես հայտնի է, առաջարկել էր «Հանրային ձայն»-ին և «Մայր Հայաստան» դաշինքին հոկտեմբերի 10-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու անդրանիկ նիստին իրեն ընտրել քաղաքապետ, սակայն առանց կոալիցիոն հուշագիր ստորագրելու։ Իսկ եթե ոչ՝ բոյկոտել նիստն ու գնալ նոր արտահերթ ՏԻՄ ընտրությունների։
Մենք արդեն հայտնել ենք, որ Մարությանին քաղաքապետ ընտրելու համար քվորումի խնդիր կարող է առաջանալ, քանի որ քաղաքապետ դառնալու համար անհրաժեշտ 33 ձայնը հնարավոր չի լինելու ապահովել՝ «Հանրային ձայն»-ի ավագանու երկու անդամները ֆիզիկապես ի վիճակի չեն լինելու ներկա գտնվել նիստին։ Մարությանը երեկ իր ֆեյսբուքյան եթերում ևս անդրադարձել է մեր բարձրացրած խնդրին ու նշել՝ քանի որ նման իրավիճակ է ստեղծվել, ապա պետք է չմասնակցել ավագանու առաջին նիստին և գլուխ բերել «պլան բ»-ն՝ գնալ արտահերթի։
Վարդան Ղուկասյանը երեկ իր հերթին անդրադարձել է Մարությանի հայտարարությանն ու նոր պահանջներ առաջադրել, ընդհուպ՝ շանտաժի դիմել. «Հայկ Մարությանը եթե ժամանակին համաձայնվեր այդ մի վարչությունը մեզ տար, համաձայնության կգայինք, և այս իրավիճակը չէր ստեղծվի։ «Հանրային ձայն»-ը կարող է բոյկոտի, չգնա նիստին, եթե քո նմանը գա, նստի, դու, Թևանյանը հրապարակայնորեն իմ հետ կնքեք պայմանագիր, որ ես քեզ ընտրում եմ, եթե յուրաքանչուր 3-րդ թաղապետը իմն է, եթե առաջ միայն վարչության պետ էի ուզում, ինչ 3-րդ կա՝ իմն է: Նստի, ինձ հետ ստորագրի, որ նիստը բոյկոտեմ:
Շառը մի գցի ինձ վրա, եթե դու ժամանակին ասում էիր՝ այո, Արտակ Գալստյանն էլ մանդատը վայր կդներ, Ուրիխանյանն էլ: Ունես 10 օր, կգաս, կնստես, մեկ երրորդը կտաս ինձ, կբոյկոտեմ»,- հայտարարել է Ղուկասյանը։
Նշենք, որ Վարդան Ղուկասյանը Մարությանին առաջարկել էր համապատասխան երաշխիք՝ փաստաթուղթ, ըստ որի՝ Երևանի քաղաքապետարանի վերահսկողական վարչությունը տրվելու է իրենց։ Վարչության նպատակը, նշենք, Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման վերահսկողության ապահովումն է: Վերահսկում է.
1) Քաղաքապետարանի ստորաբաժանումների, կազմակերպությունների, ընկերությունների կողմից Երևան համայնքի բյուջեով նախատեսված ծախսերի կատարման, ինչպես նաև հատուկ և նպատակային հիմնադրամներից տրամադրվող հատկացումների, փոխառությունների օգտագործման իսկությունը, նպատակայնությունը և արդյունավետությունը, դրանց օրինականության նկատմամբ իրականացնում է հսկողություն (ներառյալ գնումների գործընթացի նկատմամբ հսկողություն)։ Մարությանն ի պատասխան հայտնել էր, թե այս վարչության տալ-չտալու հարցը քաղաքապետը չի որոշում, քանի որ այս վարչության պետի պաշտոնը համայնքային ծառայության պաշտոն է, նշանակումը տեղի է ունենում նախապես հայտարարված մրցույթով։
Մարությանն առաջարկել էր մասնակցել մրցույթին, և եթե իրենց թեկնածուն հաղթի, ապա երաշխավորում է, որ կնշանակի այս վարչության պետի պաշտոնում։
Սույն վարչության պետի պաշտոնակատարը Ռաֆայել Հովհաննիսյանն է։
Գնդակն այժմ, ինչպես ասում են, Հայկ Մարությանի և Անդրանիկ Թևանյանի դաշտում է։
Ե. Ա.