Հռոմի ստատուտին դեմ քվեարկած «Հայաստան»-ը 2022-ին նախագիծ էր ներկայացրել և նշել՝ ստատուտը «անկյունաքարային նշանակություն ունի ցեղասպանության հանցակազմի ծավալի և գործնական կիրառության բացահայտման նպատակով»
Ինչպես և կանխատեսվում էր՝  խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց դեռ անցյալ տարվա դեկտեմբերից ՀՀ կառավարության նիստի օրակարգ մտած, ապա՝ ՍԴ ուղարկված և բարձր դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը չհակասող ճանաչված, իսկ այսօր էլ՝ ԱԺ-ի դատին ներկայացված աղմկահարույց՝   Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրությունը կամ Հռոմի ստատուտը վավերացնելուն։  
 
Դժվար չէ կռահել, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրեր հայրենի ազգային –ազատագրական ընդդիմությունը, եթե այդ ստատուտին հղում անելով ՄՔԴ-ն այս տարվա մարտին  ՌԴ նախագահ Պուտինին և  այդ երկրի երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր չտար՝ նրանց կասկածելով ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ։  Դժվար չէ ենթադրել, թե ինչպես իրեն կպահեր ընդդիմությունը խորհրդարանում, ինչ երանգով ու հնչերանգով, ինչ ռազմահայրենասիրական շեշտադրումներով ու կոչերով ելույթներ կունենար, եթե անցած ամիսների ընթացքում  ՌԴ մանր ու մեծ չինովնիկները  ՀՀ-ին  կոչեր ու «հաթաթաներ» չհղեին՝ ստատուտի վավերացումից «ձեռք քաշելու» վերաբերյալ։ Հայրենի ընդդիմությունը, մեծ հավանականությամբ,  Հռոմի ստատուտի վավերացման հարցը ԱԺ-ի օրակարգ բերելու փաստից, ինչպես ասում են՝  «մոր փորը» կընկներ, և, թերևս, սույն փաստաթուղթը կլիներ այն միակ նախաձեռնությունը, որի շուրջ կներդաշնակվեին ընդդիմության և իշխանության դիրքորոշումներն առ այն, որ պետք է միջազգային քրեական դատարանի առաջ կանգնեցել պատերազմական հանցագործ, ցեղասպան, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության  դեմ ոտնձգություններ կատարած և կատարող Ալիևին և նրա վարչակարզմի անդամներին՝  դրանից բխող հետևանքներով։ 

Վրեժը, վենդետան, քրեական հետապնդման և պատժի ինստիտուտի կիրառումը, վերջիվերջո՝ հայդատականությունը, համաձայնեք, ընդդիմության «կոնյոկն են» և հրաշալի,  կոնստրուկտիվ մթնոլորտում տեղի կունենար ենթադրյալ քննարկումը Հռոմի ստատուտի շուրջ, եթե, անշուշտ, ․․․․չլիներ ՌԴ-ի հանգամանքը,  այդ երկրի «կանչով» ցուցաբերվող վարքագիծն ու արվող հայտարարությունները։ Փույթ չէ, որ նման վարքագծի ու դիրքորոշման համար ՀՀ  ընդդիմությունը վճարվում է ՀՀ քաղաքացու գրպանից։   
 
Ինչևէ։ Նշենք, որ արտախորհրդարանական ընդդիմության կողմից ամիսներ առաջ իրականացվում էր ստորագրահավաք՝ «Հայաքվե» անունով, որի նպատակը ԱԺ մի այնպիսի նախագիծ բերելն է, որի կետերից մեկով  առաջարկվում է քրեականացնել «Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունները»։ Այդ նախաձեռնությունը բխում է խորհրդարանական ընդդիմության սրտից։ Համապատասխան նախագիծը, ի դեպ, ԱԺ պետք է ներկայացվի առաջիկայում։  Արձանագրենք՝ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած պետությունների ճնշող մեծամասնությունը միացել է  ՄՔԴ-ին,  այսինքն՝ վավերացրել է աղմկահարույց ստատուտը։ 
 
«Սիրված», բայց չվավերացված ստատուտի էպոպեան
 
Ընդդիմության՝ այսօր ցուցաբերված վարքագծի համատեքստում հարկ է մի ուշագրավ փաստ վերհիշել։ Ստատուտին դեմ քվեարկած «Հայաստան» խմբակցությունը, նկատենք,  2022 թ․ ապրիլին  ԱԺ էր ներկայացրել օրենքի նախագիծ՝  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», որով առաջարկվում է փոփոխություններ  կատարել հիշյալ օրենսգրքում և տուգանք,  ազատազրկում նախատեսել  ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, արդարացնելու, դրանք քարոզելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար (եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով):  Նախագծով մասնավորապես առաջարկում էր երեքից ութ տարի ժամկետով ազատազրկում այն մարդկանց համար, որոնք վերոհիշյալ գործողությունները կատարել են իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։ Ինչն է ուշագրավ․ ընդդիմադիր խմբակցությունը օրենքի ընդունման անհրաժեշտության միջազգային-իրավական հիմնավորումների ցանկում հիշատակում է նաև Հռոմի կանոնադրությունը։ «ՄԱԿ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» 1948 թվականի կոնվենցիան նախատեսում է, որ ցեղասպանությունը հանցագործություն է, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում: Կոնվենցիան ցեղասպանությունը սահմանում է իբրև ազգային, էթնիկական, ցեղակամ կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրություն այդ խմբի անդամների սպանություն, մարմնական լուրջ վնասվածքների կամ մտավոր վնասի պատճառում, կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը, երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին:
 
Նմանօրինակ սահմանում է նախատեսում նաև Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (այսուհետ՝ Հռոմի ստատուտ): Թեպետ ՀՀ-ն  չի հանդիսանում Հռոմի ստատուտի անդամ պետություն, սակայն այդ փաստաթուղթը անկյունաքարային նշանակություն ունի ցեղասպանության հանցակազմի ծավալի և գործնական կիրառության բացահայտման նպատակով»,-մասնավորապես նշված է Հայաստան «խմբակցության» հեղինակած օրենքի նախագծում, որը, սակայն, վերջինս, ըստ ԱԺ պաշտոնական կայքի,  2022 թ․ սեպտեմբերի 9-ին հետ է վերցրել, նույն օրը հետաձգված նախագծերի փաթեթը ԱԺ –ում հանվել է շրջանառությունից։  
 
Ի դեպ, այս նախագծի հիմնական զեկուցող էր նշանակվել ԱԺ նախագահությանը թիկունքով շրջվելով «բողոքի նոտա» հղող տիկին  Ասպրամ Կրպեյանը։ Պատկերացնում ենք այն էնտուզիազմը, որով տիկինը կներկայացներ նախագծի ընդունման անհրաժեշտությունը։ 
 
Հռոմի ստատուտին հղում անելու էպոպեան այսպիսով  չի ավարտվում։ 
 
Այս փաստաթղթի մասին հիշատակվել է  դեռևս 2012-ին՝ Բրյուսելում, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 13-րդ նիստի ընթացքում (հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյան (ՀՀԿ), անդամներ՝ Ալեքսանդր Արզումանյան (Ժառանգություն), Նիկոլ Փաշինյան (ՀԱԿ), Տիգրան Ուրիխանյան (ԲՀԿ), Կարեն Բոթոյան (ՕԵԿ) և Վահրամ Բաղդասարյան (ՀՀԿ) )։  Նիստի եզրափակիչ հայտարարոության և առաջարկությունների (ընդունված 2012-ի նոյեմբերի 29-ին) թվում մասնավորապես նշված է, որ Հանձնաժողովը  «Ի գիտություն է ընդունում այն նշանակությունը, որը Եվրախորհրդարանը տալիս է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացմանը, հատկապես եվրոպական նկրտումներ ունեցող երկրների կողմից»։ Սա ենթադրաբար նշանակում է, որ Հռոմի ստատուտի վավերացման կարևորությունը ի գիտություն է ընդունվել, այսինքն՝ գիտակցվել է  «եվրոպական նկրտումներ ունեցող»  ՀՀ-ի նախկին ռուսահաճ իշխանությունների կողմից անգամ, սակայն, չգիտես ինչու,  «ի գիտությունը» «ի կատարում»  չի դարձել։

Նկատենք, որ նախկին իշխանության մեկ այլ ներկայացուցիչ՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, որպես ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, 2016 թվականի ապրիլյան պատերազմից ամիսներ անց ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, մասնավորապես ազդարարել էր․ «Ցեղասպանությունները, ինչին ականատես եղանք Հյուսիսային Իրաքում ԴԱԻՇԻ կողմից՝ ընդդեմ էթնիկ եզդիների, ռազմական և մարդկության դեմ գործած հանցագործությունները, ցավոք, այսօր էլ շարունակվում են: Ուստի Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության առավել ճկուն մեխանիզմների մշակումն իրապես կարևոր խնդիր է: Այո, համաձայն եմ զեկուցողի հետ, որ մեր Վեհաժողովը պետք է հաստատի իր հանձնառությունը՝ պայքարելու անպատժելիության դեմ և աջակցելու Միջազգային քրեական դատարանին:․․․ Հարգելի գործընկերներ, հասկանալի է, որ թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և թե՛ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, անելու են հնարավորը՝ Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու համար: ․․․Ապրիլյան պատերազմի առաջին օրերին ցամաքային զորքերի, օդուժի, հրթիռա-հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել ԼՂՀ-ի դեմ` խախտելով համաձայնագրի կողմ հանդիսացող ԼՂՀ տարածքային ամբողջականությունը:․․․Իհարկե, Ադրբեջանը դեռևս չի վավերացրել Հռոմի ստատուտը, սակայն նույն ստատուտը նախատեսում է, որ այդ դատարանին կարող է դիմել նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, իսկ Միջազգային քրեական դատարանի դատախազն իրավասու է իր նախաձեռնությամբ հարուցելու քրեական գործ: Հարգելի գործընկերներ, Ադրբեջանը պետք է ճանաչվի ռազմական հանցագործ և ձեզանից շատերը տեղյակ են ադրբեջանցի հրոսակների վայրագություններին: Ուրեմն՝ մի լռեք»:  
 
Ենթադրում ենք, որ երբ տիկին Զոհրաբյանն այս հայտարարությունն անում էր, ՀՀ իրավական համակարգի «գուրուները» գլուխներն ափսոսանքով տմտմբացնում էին, թե ինչպես չեն «ֆայմել» ժամանակին վերացնել  Հռոմի ստատուտի վավերացման արգելքները։ Քանի որ եթե վերացրած ու վավերացրած լինեին, ապա ՄԱԿ ԱԽ-ին կամ ՄՔԴ դատախազին Ադրբեջանի դեմ միջազգային քրեական հետապնդում սկսելու, վերջինիս  ռազմական հանցագործ ճանաչելու կոչ-թախանձանքով դիմելու փոխարեն սեփական երկրի անունից հանդես կգային նման նախաձեռնությամբ։ Եվ, ով գիտի, գուցե այսպիսով նաև կանխարգելեին ռազմական հանցագործության ռեցիդիվը՝ 44-օրյա պատերազմը,  դրա ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացված   ռազմական, մարդկության դեմ հանցագոծությունները։      
 
 Հեղինե Մանուկյան