Հայաստանին ուժեղ առաջնորդ է պետք, Հայաստանին ուժեղ առաջնորդ է պետք․․․ շուտասելուկի պես կրկնում են «Մեր ձևով» շարժման անդամները՝ խոսելով վարչապետի իրենց թեկնածուի մասին, որի ով, ինչացու լինելը առ այս պահը դեռ հայտնի չէ։ Արագ զարգացող աշխարհում ինտելեկտը, փորձը, ճկունությունը, արագ կողմնորոշվելու հատկությունը, հեռատեսությունը, ձեռնահասությունը և մի շարք հատկանիշներ են բնորոշում որակյալ առաջնորդին, մինչդեռ «ձևիստները», փաստորեն, շեշտում են առաջնորդի ուժեղ լինելը։ Երևի առաջնորդվելով ռուսական հայտնի ասացվածքի տրամաբանությամբ՝ «Сила есть - ума не надо»։ Ճաշակի հարց է, չենք վիճում։
Ուժեղ առաջնորդի նարատիվը օրերս Հ1-ի եթերում գեներացնում էր
նաև «Մեր ձևովի» համակարգող Նարեկ Կարապետյանը՝ բարձրաձայն երազելով՝ Հայաստանի 5-րդ՝
իրենց իմացած, պատկերացրած նոր առաջնորդը կգա, կանի այս, կանի այդ, կանի այն՝ իր ուժեղ
լինելը երևի ապացուցելով միջազգային գործընկերների
հետ հանդիպումների ժամանակ մուսկուլները ցուցադրելով ու բռունցքը սեղանին խփելով։ Միջնադար։
Ի դեպ, ուժեղ, հաղթանակած առաջնորդի կերպարով ՀՀ քաղաքացիներին այսքան տարի խաբել ու
տիրել են, 2021-ին էլ վերախաբելու ու վերատիրելու փափագ ունեին Ռոբերտ Քոչարյանն ու
Սերժ Սարգսյանը, որոնց հետ չնույնացվելու ահը սրտներում էլ ուժեղհայաստանականները փորձելու են մտնել պայքարի
մեջ՝ ժողովրդին այս անգամ էլ փորձելով խաբել նախկինների հետ կապ չունենալու, մաս-մաքուր
ուժ լինելու մասին բլեֆով։
Հայտնի փաստ է, որ Նարեկ Կարապետյանի հայրը՝ Կարեն Կարապետյանը,
նախկին է, այն էլ՝ հայտնի ու կարկառուն։ Երբ Հ1-ի եթերում որդի Կարապետյանին հարց հղվեց՝
ինչպե՞ս կարող են իրենք կապ չունենալ նախկինների հետ, եթե իր հայրը եղել է ՀՀԿ խմբակցության
պատգամավոր, նույն խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, կրտսեր
Կարապետյանը փորձեց հակադարձել՝ ընկնելով պեչենու բաղերը, թե՝ հայրը 13 տարի եղել է
անկախ պատգամավոր, հետո գործի է անցել պետական համակարգում, բայց սեփական կամքով հրաժարական
է տվել, մեջբերենք՝ «ունենալով օրվա իշխանության հետ անհամաձայնություն, ունենալով
երկրի զարգացման իր տեսալականը»։ Դիտարկմանը՝ այսինքն՝ նա ընդդիմադի՞ր է եղել, որդի
Կարապետյանը ճշգրտեց՝ ո՛չ, չի եղել, պարզապես իր ունեցած տեսլականը չի համընկել այդ
պահին եղած տեսլականի հետ։ Փաստորեն, Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք այն աստիճան
չի տիրապետել իրավիճակին, որ իր ղեկավարած քաղաքական կուսակցության անդամն ունեցել
է երկրի զարգացման այլ տեսլական ու շարունակել է մնալ կուսակցության մեջ։ Յա, իրո՞ք։ «Դուք լսե՞լ եք իր հարցազրույցները, լսե՞լ
եք, երբ նա ասեց, որ մեր երկրի հիմնական խնդիրը թալանն է։ Որ թվին ասեց, հիշո՞ւմ եք,
2017 թվին, իսկ 2017-ին ով էր ղեկավարում»,- Հ1-ի տաղավարում հայրիկի PR-ն էր անում
որդի Կարապետյանը՝ մոռանալով մի կարևոր նրբության մասին՝ 2017-ին հայր Կարապետյանը,
ունենալով այլ տեսլական, դեմ լինելով թալանին, ընդգրկվել է թալանի գլխավոր պատասխանատու
Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի ընտրական ցուցակ ու պատգամավորի մանդատ ստացել՝ դառնալով օրվա
իշխանության տեսլականի իրագործողը։
Որդի Կարապետյանին առաջարկում ենք վերադառնալ պեչենու բաղերից ու մի 10 տարով հետ
գնալ, վերհիշել 2015-ի փետրվարյան հեղափոխության օրերը։ Այդ ժամանակ էլ, ի դեպ, ԲՀԿ
առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀԱԿ-ն էին բողոքում Սերժ Սարգսյանի տեսլականի դեմ՝ թալանի
ու կոռուպցիայի, ամենաթողության, պետբյուջեից գողացված միլիարդավոր դոլարների, շաբաթներ
տևած ցույցեր անում, Ծառուկյանն էլ Սարգսյանին ընդհուպ «չարիքի իշխանություն» էր անվանում։
Իսկ ի՞նչ էր անում Կարեն Կարապետյա՞նը։ Ոչ, նա Ծառուկյանին չէր ծափահարում ու աջակցում՝
ուժեղ համաառաջնորդի կերպարով ու իր ունեցած տեսլականը թևատակին դրած, նրա կողքին կանգնելով՝
«մի ոտք շուտ» տուն ուղարկելով թալանի պատասխանատուին ու, այսպիսով, 2018-ի հեղափոխությունը
կանխելով։
Ավելին, Ծառուկյան-Սարգսյան առճակատումը, ինչպես այդ օրերի մամուլը վկայեց, հարթվեց
երկրի զարգացման այլ տեսլական ունեցած իր հորեղբոր՝ Սամվել Կարապետյանի ջանքերով։ Ու
ստացվեց այնպես, որ ուժեղ առաջնորդ Սամվել
Կարապետյանը 2015-ին ունեցավ իր ներդրումը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարաձգման հարցում՝
նպաստելով թալանի ու մյուս այլանդակությունների երկարաձգմանը, այդ թվում՝ ընտրությունների
ժամանակ «ինչքան ուզել, էդքան խփելուն»։ Այ, այ, այ, այ, այ․․․
Իրավիճակը ստիպում է Կարապետյան եղբայրներին բնորոշել Սերժ Սարգսյանի սիրելի առածներից
մեկը վերհիշելով՝ «փաստորեն, տենց եք մտածել ու արել, որ հայտնի բանջարեղենը՝ խիյարը,
թարս ա բուսնել»։ Բա հիմա այսքանից հետո եկել, հետին թվով ուժեղ եք ձևանում, որ ո՞ւմ
«տոնը» խանգարեք՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի։
Հեղինե Մանուկյան