Մեր երկիրը կարող է առաջարկել արդյունավետ լուծումներ ՀՀ-ին․ ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։

Կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական, առևտրային և ներդրումային համագործակցության զարգացման հետ կապված հարցեր:

Վոլվաչը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կիսվել ամենատարբեր ոլորտներում իր պրակտիկայով և առաջադեմ լուծումներով։

«Մեր երկիրը կարող է առաջարկել արդյունավետ լուծումներ տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, Հայաստանի Հանրապետությունում և Անդրկովկասում հեռանկարային ներդրումային նախագծերի իրականացման ուղղությամբ»,–հայտնել է փոխնախարարը: