Տեսախցիկը ֆիքսել է մեքենայի գազի բալոնի պայթյունը. 35-ամյա վարորդը տեղում մահացել է
Երեկ՝ հուլիսի 22-ին՝ ժամը 15:15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսատան մոտ ավտոմեքենայի գազի բալոն է պայթել:
Պարզվել է, որ ժամը 15:10-ի սահմաններում Վանաձորի 35-ամյա բնակչի կողմից վարվող «Մերսեդես-Բենց E-350» մակնիշի ավտոմեքենայում Բագրատաշեն բնակավայրից դեպի Վրաստանի Հանրապետության սահման երթևեկելու ընթացքում պայթել է գազի գլանանոթը, որի հետևանքով վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն: Զննության ընթացքում վերցվել են դեպքի վայրի՝ Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի հարակից առևտրի սրահների տեսանկարահանող սարքավորումների դեպքին վերաբերող տեսանկարահանումների պատճենները: Կատարվել է դիակի արտաքին զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։