Պետդուման կքննարկի Միջուկային փորձարկումների արգելքի մասին համաձայնագրից հրաժարվելու հարցը. Վոլոդին
ՌԴ Պետդումայի խորհուրդն իր առաջիկա նիստում կքննարկի Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին համաձայնագրի վավերացումը հետ կանչելու հարցը, իր Telegram-ալիքում գրել է խորհրդարանի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Սա համապատասխանում է մեր պետության ազգային շահերին։ Եվ դա կլինի հայելային պատասխան ԱՄՆ-ին, որը դեռ չի վավերացրել պայմանագիրը»,- գրել է Վոլոդինը։
Պետդումայի խոսնակն իր գրառման մեջ հիշատակել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որը նա արել է նախօրեին «Վալդայ»-ում ելույթ ունենալիս։ Մասնավորապես, ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը անցկացրել է միջմայրցամաքային թևավոր հրթիռի «վերջին հաջող փորձարկումը»՝ «Բուրեվեստնիկ» միջուկային ուժային համակարգով: