«Կախված է իրավիճակից, կախված է թեկնածուից, կախված է նրանից, թե կառաջադրե՞ն, թե՝ ոչ»․ Ալեն Սիմոնյանը՝ «Հայաստան» դաշինքի թեկնածուին ԱԺ փոխխոսնակ ընտրելու մասին
Այսօր, ՔՊ կենտրոնական գրասենյակում ՔՊ նորընտիր պատգամավորների և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ավարտից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ իրենց կարծիքով ճիշտ կլինի, որ ընդդիմությանը հասանելիք փոխխոսնակի տեղը հատկացվի «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչին։
««Պատիվ ունեմ»-ը, որպես ընդդիմադիր խմբակցություն, ունենալու է ընդամենը մեկ հանձնաժողովի նախագահի տեղակալ և փաստացի Ազգային Ժողովի խորհրդում ներկայացված է լինելու ընդամենը մեկ ներկայացուցչով՝ ԱԺ իրենց խմբակցության ղեկավարը։ Կարծում եմ, որ ընդդիմության համար հավասար պայմաններ ստեղծելու համար մենք կարող ենք քննարկել և պետք է քննարկենք այս անգամ այդ հնարավորությունը տալ երրորդ խմբակցությանը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե՝ եթե «Պատիվ ունեմ»-ը թեկնածու չառաջադրի, արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կընտրի «Հայաստան» դաշինքի թեկնածուին, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Կախված է իրավիճակից, կախված է թեկնածուից, կախված է նրանից, թե կառաջադրե՞ն, թե՞ չեն առաջադրի։ Եկեք սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի»։