Ցանկացած կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունները կառուցվում են աշխատանքային օրենսգրքի հիման վրա, և երբ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումները չեն պահպանվում, դրան հաջորդում են համապատասխան քայլեր:
Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի աշխատանքից ազատմանը՝ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաճյանը՝ նշելով, թե խնդիրը ոչ թե Թումանյանին ներկայացնելն է եղել, այլ գործուղման մեկնելու համար իր գործատուի հրահանգն ու հրամանը:
«Ցանկացած տնօրեն, ով արձակուրդ կամ գործուղման է մեկնում, նախարարի հրամանով ունենում է դա իրացնելու իրավունքը։ Եթե այդ հրամանն առկա չէ... Անկախ նրանից, թե ինչ ֆինանսական միջոցներով ու գործընթացներով է այդ գործուղումն իրականցվել, կա հստակ հրաման, բայց այդ հրամանը չի եղել»,- նշեց նա:
Անդրադառնալով հարցին, թե նախարարն ուզում է իր մտերիմին այդ պաշտոնում նշանակել, ինչպես իրեն, ով, տարբեր աղբյուրների համաձայն, նախարար Անդրեասյանի ընկերուհին է, Սվաճյանը պատասխանեց. «Դրանք անձնական մեկնաբանություններ են և որևէ հիմք չունեն: Ի՞նչ նկատի ունեք ընկերուհի ասելով։ Ընկերությունը մեծ հասկացություն է։ Ես տիկին Անդրեասյանի հետ որևէ առնչություն չեմ ունեցել»։