«Մայր Հայաստան»-ը չի շտապում մասնակցել քաղաքամայր Երևանի կառավարմանը. Խմբակցությունը մինչև այժմ չի ներկայացրել իր կանոնադրությունը
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, ինչպես հայտնի է, բոյկոտեցին ավագանու նախորդիվ տեղի ունեցած նիստերը։ Փոխարենը խմբակցության առանձին անդամներ ֆեյսբուքում, հավատարիմ իրենց քնարին,  «ընդդիմադիր» ոճում գրառումներ են անում և այսպիսով, փաստորեն,  նպաստում Երևանի կառավարմանը։ Հայտնի չէ, թե ով է ղեկավարելու խմբակցությունը, քանի որ ցուցակը գլխավորող, ՀՀ-ում ամբողջական իշխանափոխության ջատագով  Անդրանիկ Թևանյանը կարծես չի ախորժում ստանձնել մեծությամբ երկրորդ ընդդիմադիր խմբակցության  ղեկավարի պաշտոնը՝ հավանաբար խանգարում են քաղաքապետ դառնալու չբավարարված ամբիցիաները։ Հայտնի է, որ նա վերջերս հանդիպել էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին, մի քանի օր անց էլ ՌԴ պետական ալիքի եթերում մասնակցել էր հերթական հակափաշինյանական հաղորդմանը՝ հյուրի կարգավիճակում։ Այդ «հերոսական» արարքից հետո նախկին պատգամավորը կարծես ընդհատակ է անցել՝ անսովոր պասիվ է նաև Ֆեյսբուքում։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Թևանյանը ստեղծված նոր իրավիճակում իր քաղաքական անելիքները հստակեցնելու փուլում է, և չի բացառվում, որ վայր դնի ավագանու մանդատը։ Նկատենք, որ ՏԻՄ օրենսդրությունը  մասնավորապես սահմանում է, որ համայնքի ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին,  պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին,  մասնակցել ավագանու կողմից անցկացվող՝ քաղաքացիների ընդունելություններին։ 

Նկատենք, որ 12 մանդատ ստացած «Մայր Հայաստան»-ը չի շտապում որպես խմբակցություն ներկայացնել իր կանոնադրությունը, որով սահմանվում են խմբակցության գործունեության կարգը, սկզբունքները,  նպատակներն ու խնդիրները։ Ավագանու բոլոր խմբակցությունների կանոնադրությունները, ի դեպ,  հրապարակված են Երևանի քաղաքապետարանի  պաշտոնական կայքում։ 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կանոնադրության մեջ, օրինակ, որպես խմբակցության գործունեության հիմնական սկզբունքներ նշված են մասնավորապես «բազմակարծությունը, ժողովրդավարությունը, փոխադարձ հարգանքը խմբակցության ներսում, ինչպես նաև հարգանքը այլ քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, մարդակենտրոնությունը, գործունեության թափանցիկությունը, հոգատարությունը քաղաքի նկատմամբ»։ 

Ավագանու մասնավորապես «Հանրային ձայն» խմբակցության  կանոնադրության գործունեության սկզբունքներն  ուսումնասիրելիս  նկատեցինք, որ ՔՊ կանոնադրության մեջ շարադրված որոշ սկզբունքներ գրեթե նույնությամբ կրկնվում են՝  «բազմակարծություն, ժողովրդավարություն, փոխադարձ հարգանք,  ինչպես նաև հարգանք այլ քաղաքական ուժերի ու դրանց ներկայացուցիչների նկատմամբ, գործունեության թափանցիկություն»։ 

Հ. Մ.