Մինսկի դատարանում սկսվել է բելոռուսցի երկու ընդդիմադիր գործիչների դատավարությունը
Անցյալ տարի Բելոռուսիայում զանգվածային բողոքի ակցիաների կազմակերպիչներ՝ Մարիա Կոլեսնիկովային և ընդդիմադիր գործիչ, իրավաբան Մաքսիմ Զնակին մեղադրանք էր առաջադրվել՝ սեպտեմբերին ազգային անվտանգությանը սպառնալիք հասցնելու համար։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանցից յուրաքանչյուրը կարող է դատապարտվել 12 տարվա ազատազրկման։

Դռնփակ նիստի ժամանակ տիկին Կոլեսնիկովան բարձր տրամադրություն ուներ, ժպտում և պարում էր՝ ապակե տաղավարի ետևում։ Ընդդիմադիր ակտիվիստը, մեկը այն երեք կանանցից, ովքեր միավորվելով պայքարում էին կեղծված ընտրությունների դեմ, դատարանում  սրտաձև նշանով վեր էր պարզել ձեռքերը, որը Բելոռուսիայում տեղի ունեցող ցույցերի խորհրդանիշն էր։

Մարիա Կոլեսնիկովան և Մաքսիմ Զնակը 39 տարեկան են։

Նրանք «Ազգային համակարգող կոմիտեի» անդամներ են, որը ստեղծվել է երկրից վտարված ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի կողմից՝ ընտրություններից հետո, և որին մեղադրում են երկրում հեղաշրջման փորձ կատարելու մեջ։

Երկու ընդդիմադիր գործիչներին  մեղադրանք է առաջադրվել «դավադրության կամ իշխանության զավթման նպատակով արված, ինչպես նաև ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների» և «ծայրահեղական խմբավորումներ ստեղծելու» համար:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Բելոռուսիայում զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին կայացած, ենթադրաբար, կեղծված նախագահական ընտրությունների արդյունքում։

Փողոցային ցույցերն ու ակցիաները տևեցին շաբաթներ շարունակ՝ օգոստոսի 9-ի վիճելի քվեարկությունից հետո, որը, որպես ազատ և արդար ընտրություններ, ԵՄ-ն և ԱՄՆ-ն նույնպես չեն ճանաչել: 

Ոստիկանությունը հաճախ կոշտ գործողությունների էր դիմում՝ բողոքի ցույցերը միջամտելով և հազարավոր մարդիկ դաժանորեն բերման էին ենթարկվում: