Այցելեցի Վ. Բրյուսովի անվան և Խ. Աբովյանի անվան համալսարաններ, հանդիպեցի ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ բուհերում կրթությունը շարունակող շուրջ 80 ուսանողի հետ․ Հասմիկ Հակոբյան
«Բնակարանի հարցը լուծելուց անմիջապես հետո սկսել եմ զբաղվել կրթության շարունակականության ապահովմամբ». սա օրվա ընթացքում ամենահաճախ լսածս նախադասությունն էր. այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ « Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

«Այցելեցի Վ. Բրյուսովի անվան պետական և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններ, որտեղ հանդիպեցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ բուհերում կրթությունը շարունակող շուրջ 80 ուսանողի հետ:
Հանդիպումների ընթացքում լսեցի երիտասարդների կողմից ներկայացվող խնդիրները, առաջարկությունները, ներկայացրի ՀՀ Կառավարության կողմից առաջարկվող ծրագրերը, քննարկեցինք ուսման վարձերին, զբաղվածությանը, հետագա աշխատանքային հնարավորություններին վերաբերող  և մի շարք այլ հարցեր:

Հանդիպումների ավարտին փոխանակվեցինք կոնտակտային տվյալներով և պայմանավորվեցինք հանդիպումները դարձնել շարունակական:

Վերջում նաև լուսանկարներին կցել եմ մի քանի անանուն արձագանք մեր երիտասարդների»,- գրել է պատգամավորը։