Առաջարկվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն
«ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի պահպանության ծառայության առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները, մանրամասնել է նման ծառայություն հիմնելու առաջնահերթությունը, այն է՝ գործող 8-ժամյա ծառայությունն առաջարկվում է դարձնել 24-ժամյա: Ըստ նախարարի՝ 8-ժամյա ծառայությունը ռիսկեր է պարունակում: Առաջարկվում է Անտառային կոմիտեի հիման վրա ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի եւ Ազգային պարկերը կառավարող 6 ՊՈԱԿ-ների պահպանությունն առանձնացնել: Նախատեսվում է ծառայողին օժտել նոր հնարավորություններով, որ վերջինս կարողանա իրավախախտման պարագայում այն արձանագրել, վարույթ հարուցել, վնաս հաշվել եւ վարչական իրավախախտումների շրջանակում կատարված ապօրինության դեպքում նաեւ տուգանք սահմանել: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 506 աշխատակիցների եւ Ազգային պարկերի պահպանության 345 աշխատակիցների հաստիքներն առաջարկվում է առանձնացնել եւ շուրջ 1176 հաստիքակազմ ունեցող նոր ծառայություն հիմնել:

Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք ծառայությունն ունենալու է բավարար ֆինանսական միջոցներ եւ ծառահատումների դեմ պայքարում հավասար վերահսկողություն իրականացվելո՞ւ է ե՛ւ մանր, ե՛ւ խոշոր ծառահատում իրականացնողների նկատմամբ: Նախարար Հակոբ Սիմիդյանը փաստել է, որ ծառայության զինման համար կան նախատեսված բյուջետային հատկացումներ, ակնկալվում է նաեւ միջազգային գործընկերների աջակցությունը: Նախատեսվում է ունենալ 3500 հատ ձայնի եւ ծխի տվիչ, որոնք յուրաքանչյուր խախտման դեպքում արձագանքելու են, իսկ տեխնիկական նկարող սարքերը տեղում ֆիքսելու են, թե ինչ է տեղի ունենում: Հակոբ Սիմիդյանի խոսքով ծառայության խնդիրը լինելու է կանխարգելիչ:

Պատգամավոր Արման Ղազարյանի հարցին ի պատասխան՝ նախարարը պարզաբանել է, որ նախնական տվյալներով ծառայությանն անհրաժեշտ է լինելու 5 մլրդ դրամ: Վերջնական հաշվարկը հնարավոր կլինի կատարել, երբ ենթաօրենսդրական ակտով հաստատվի կառուցվածքը:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը, կարեւորելով նախաձեռնությունը եւ որակյալ ծառայություն ունենալու հանգամանքը, նշել է, որ ներկայացված փաթեթով մի շարք հիմնարար հարցեր մնում են անպատասխան, օրինակ՝ խախտում կատարած անձի ձերբակալման ու ազատությունից զրկման իրավունքների իրացման, ոստիկանության հետ համագործակցության, քաղաքացիների իրավունքները չոտնահարելու հարցերը եւ այլն:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ, այո՛, անտառային տարածքների եւ հողերի մասով չկա պատշաճ պահպանման համակարգ: Անդրադառնալով ջրային ավազանների, կենսաբանական հուշարձանների, հատուկ պահպանվող տարածքների մասով պահպանության առանձնահատկություններին՝ խմբակցության քարտուղարը կարեւորել է ծառայության գործառույթների հստակեցումը, որ համակարգն արդյունավետ գործի:

Եզրափակիչ ելույթում Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է հնչած մտահոգություններին: