«Ինձ մեղավոր եմ համարում, որովհետև չեմ կարողացել կանխել»․ Երևանի ավագանու նիստը կշարունակվի վաղը
Երևանի ավագանու այսօրվա նիստը, որն ընթանում էր թեժ մթնոլորտում, կշարունակվի վաղը։

Այս մասին նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք, ավագանու հերթական նիստի ժամանակ վեճ ծագեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև: Խաչատրյանի ելույթը ընդհատելու համար վերջինս նրան «կոյուղաջրերի թագուհի» անվանեց, ապա Աղեկյանը Խաչատրյանի վրա ջուր լցրեց, որից հետո էլ սկսվեց քաշքշուք:

Քաղաքապետը, անդրադառնալով միջադեպին, նշեց, որ իրեն համարում է տեղի ունեցածի մեղավորը․ «Ժամանակ է պետք, որպեսզի էմոցիոնալ այս ֆոնը նստի։ Ես շատ ցավում եմ, ավագանու անդամներ, սիրելի երևանցիներ, որ մենք նման միջադեպեր ունեցանք։ Ինձ մեղավոր եմ համարում դրանով, որովհետև չեմ կարողացել կանխել՝ որպես նիստը վարող։ Ես խնդրում եմ, նիստը տեղափոխենք վաղը, առավոտյան ժամը 10։00-ից աշխատանքները շարունակենք»։