Օրենսդրական նախաձեռնություններ. կկարգավորեն ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկման հարցերը
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ
և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի հիմնական նպատակը ՀՀ հարկային օրենսգրքով
էլեկտրոնային ծառայության հասկացության սահմանման հստակեցումն է, էլեկտրոնային ծառայությունների
մատուցման վայրի որոշման կանոնների սահմանումը, ինչպես նաև ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ
ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ-
ի հաշվարկելու և վճարելու կարգավորումների նախատեսումն է: Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ հարկային
օրենսգրքի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայության հասկացությունը: Նախատեսվում է կարգավորել ՀՀ-ում
մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար
չհամարվող ֆիզիկական անձանց ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկման
հարցերը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ
ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով`
հաշվետու ժամանակաշրջան սահմանել հաշվետու եռամսյակը, ծառայության մատուցման պահը որոշվում է այդ
ծառայության դիմաց վճարում, այդ թվում` մասնակի, կատարելու օրը ներառող հաշվետու եռամսյակի վերջին օրը
ներառյալ, ԱԱՀ գումարներ վճարելու և ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացնել յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող
ամսվա 20-ը ներառյալ: Բացի այդ, առաջարկվում է ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ
ռեզիդենտ հարկ վճարողների մասով կառավարության կողմից սահմանել հարկային մարմնում հաշվառման և ԱԱՀ-ի
վճարման պարզեցված ընթացակարգ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ոչ ռեզիդենտ
կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ-ի
գծով լրացուցիչ հարկային մուտքերի ապահովում:

«Մենք նախագծել ենք համապատասխան էլեկտրոնային ծրագրի տեխնիկական առաջադրանքը, որը
հնարավորություն է տալու առանց որևէ բարդության՝ էլեկտրոնային եղանակով գրանցվել հարկային մարմնում և
ներկայացնել համապատասխան հաշվարկը: Այս եղանակով պոտենցիալ հարկ վճարողների հետ բանակցություններ են
եղել մինչ այս փուլը, ու նրանց հետ համաձայնեցված է այդ էլեկտրոնային ծրագրի բոլոր բաղադրիչները»,-ասել է
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ այս փոփոխություններն ուժի մեջ
են մտնելու 2022-ի հունվարի 1-ից:

Ռուստամ Բադասյանը նշել է, որ մինչ այդ պետք է հասցնել ունենալ էլեկտրոնային ծրագիրը, որպեսզի
հաջորդ տարվանից նման գործարքներ կատարող ընկերությունները՝ Google-ը, Facebook-ը և նմանատիպ
ընկերությունները, օնլայն ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք հնարավորություն ունենան ավելացված
արժեքի հարկի գծով առաջացող պարտավորությունները հայտարարագրել ու վճարել:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքն էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները հարկելու մասին
է, ինչպես անում են աշխարհի առաջատար երկրները: «Հարցը հետևյալն է՝ Facebook, Google ու ընդհանրապես
ինտերնետային դաշտում, եթե, օրինակ բացում ենք նաև օտարերկրյա կայքեր, տեսնում ենք, որ այդ կայքերում
հայկական ընկերությունների գովազդներ են տեղադրված: Բնականաբար, այդ ընկերությունները դրա համար վճարում
են: Եթե նմանատիպ գործարքներ տեղի են ունենում Հայաստանում գրանցված ընկերությունների դեպքում, առաջանում
են հարկային պարտավորություններ՝ ծառայությունը մատուցողի համար: Խնդիր ունենք, որ այս հարթակներում այդ
գովազդներից մենք հարկեր չենք կարողանում գեներացնել: Հիմնական խնդիրը մեխանիզմի մեջ է, թե ինչպես հաշվառել
այդ գործընթացը»,- ասել է վարչապետը:

Ռուստամ Բադասյանը նշել է, որ խոսքը բացառապես վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից մատուցվող
ծառայություններին, կազմակերպությունների դեպքում հարցը կարգավորված է: Կառավարությունը սահմանելու է
էլեկտրոնային ծառայությունների ցանկը, որոնք այս հարկման պարտականության տակ են ընկնում:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին նշել է, որ այս կարգավորումը ուղղված է ոչ միայն
լրացուցիչ հարկային մուտքեր ապահովելուն, այլև մրցակցային պայմանները հավասարեցնելուն. «Մեր
հաշվարկներով մոտավորապես ամենաքիչը 20 մլրդ դրամ լրացուցիչ հարկ կհավաքվի»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ դա դինամիկ զարգացող ոլորտ է և
Հայաստանում էլ այդ ծառայությունների մատուցման, ծառայություններից օգտվողների շրջանակն էականորեն
ավելանում է: Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է նաև տաքիսների շուկայի կարգավորման հարցին, որը
կառավարության օրակարգում է: «Դա ևս թեմա է, որին պետք է անպայման անդրադառնանք: Այստեղ պետք է երկու
խնդիր առաձնացնենք՝ հարկեր-տուրքեր հատվածը պետք է առանձին քննարկենք, որակի ստանդարտի հարցը՝ առանձին:
Մեր նպատակադրումը հետևյալն է՝ ունենալ այնպիսի մի մեխանիզմ, որ իսկապես անհատի հետ պետությունը
հնարավորինս քիչ գործ ունենա»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ տաքսի ծառայությունների
որակի կարգավորումները պետք է սկսել օդանավակայանից՝ հետագայում փուլային եղանակով տարածելով
մայրաքաղաքի և նաև ամբողջ հանրապետության վրա:

Հավանության է արժանացել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և
օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ
կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-
Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման
ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու, ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Ըստ
հիմնավորման՝ օրենքով ամրագրված է լճից ջրի առավելագույն չափաքանակ 170 մլն մ3: Ջրբացթողումներն
իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների
շրջանակում՝ սահմանված կարգին համապատասխան: 2021թ. օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետության
համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը եղել է 226.21 մլն մ3, 2020թ. նույն ժամանակահատվածի
351.98 մլն մ3 համեմատ՝ թերլցվածությունը կազմել է 125.77 մլն մ3: Շոգ եղանակով և սակավ տեղումներով
պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը
լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել է պլանավորածից շուտ ջրի
բացթողումներ: Սևանա լճից 2021թ. նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրբացթողումները սկսվել են 10
օր շուտ և այդ ընթացքում արդեն իրականացվել է 19 մլն մ3 ջրառ: Նկատի ունենալով վերոգրյալը՝ Սևան-
Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներից չնախատեսված ջրալրում
իրականացնելու պատճառով 2021թ. օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
ջրամբարներում առաջացել է 21.43 մլն մ3 ջրի դեֆիցիտը:

Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ գտնվող հինգ ջրօգտագործողների ընկերություննեի
պայմանագրերով հաստատված 31.4 հազ հա հողատարածքների ջրապահովվածության հաշվարկներում Հրազդան գետի
ջրատվությունն 2021թ. ամբողջ ոռոգման ժամանակահատվածում պլանավորվել է շուրջ 170 մլն մ3 (վերջին 4
տարիների միջին ջրատվությունը կազմում է 190.8 մլն մ3 ), սակայն ինչպես փաստացի իրավիճակը այնպես էլ
գետերի բազմամյա ջրագրության տվյալները վկայում են, որ նման տարում գետից հնարավոր կլինի վերցնել ընհամենը
116 մլն մ3 ջուր, որը նախատեսվածից պակաս կլինի շուրջ 54 մլն մ3 - ով և կառաջացնի դեֆիցիտ: Չոր եղանակով
պայմանավորված բույսի ջրապահանջը ջրի նկատմամբ ավելացել շուրջ 20%-ով, կրճատվել է նաև ջրման
ռեժիմը/տևողությունը: Միաժամանակ նախորդ տարիների փորձից ելնելով՝ 2020թ. կազմել է 2.94 հազ.հա, Սևան-
Հրազդան համակարգի իշխման տակ նախատեսվել է լրացուցիչ 3-4 հազ. հա աշնանացանի ջրապահովվածություն: Ըստ
այդմ՝ օրինագծով առաջարկվում է փոխել սահմանված ոռոգման նպատակով լճից 2021 թվականի բացթողման 170
մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 245 մլն մ3:

Նիկոլ Փաշինյանն այս համատեքտում անդրադարձել է երկու հարցի. «Առաջին հարցը հետևյալն է. սկսած
մարտ ամսից մեր պետական իսնտիտուտներն ինձ զեկուցում են, այդ թվում գրավոր, որ այս տարի մենք ունենալու ենք
Սևանի աննախադեպ բարձր մակարդակ: Երկրորդ՝ ոռոգման սեզոնի վերաբերյալ խորդհրդակցություն եմ անցկացրել
դեռևս մեկ ամիս առաջ: Այն ժամանակ այս պրոբլեմները մենք քննարկել ենք և եզրակացություններ ենք արել, ես տվել
եմ համապատասխան հանձնարականներ: Հիմա այսօր կարդում եմ, որ օրենքով նախատեսված 170 մլն մ3 արդեն
առաջիկա օրերին կսպառվի, և լրացուցիչ պահանջը կլինի 75 մլն մ3: Այդ կանխատեսումներն անում են այն նույն
պետական մարմինները, որոնք 2, 4 ամիս առաջ ուրիշ բան էին կանխատեսում: Ով կարող է այս երկու հարցի
պատասխանը տալ: Նախ, որ այն ժամանակ զեկուցում էինք, որ Սևանա լճում ունենալու ենք աննախադեպ բարձր
մակարդակ, այն ժամանակ չգիտեի՞նք, որ ամառ է գալու, ոռոգում է լինելու և այլն: Եվ երկրորդ ՝ ինչու է հուլիսին
կայացրած որոշումը իրականություն դառնում վերջին պահին՝ առանց պատշաճ հանրային քննարկումների»:

Ի պատասխան շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, մասնավորապես նշել է, որ
կանխատեսելի էր այս տարի աննախադեպ բարձր ջերմային ֆոնը, բայց որ այսչափ շոգ ամառ կլիներ` կանխատեսելի
չէր. «Եվ 12 օր առաջ, այսինքն՝ հունիսի 5-ի փոխարեն ավանդաբար առաջին ջրառն իրականացվել է մայիսի 25-ին:
Դրան նաև գումարվեց աննախադեպ շոգերի պատճառով սակավաջրության ընդհանուր ֆոնը հանրապետությունում»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ տեղեկացրել է, որ
որոշման նախագիծը ուշ է ներկայացվել, քանի որ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ. «Հաշվի առնելով, որ
Սևանա լճից յուրաքանչյուր, նույնիսկ 1մլն մ3 վերցնելը ցավոտ թեմա է բոլորիս համար, բազմաթիվ գործընկերների
հետ լուրջ քննարկումներ են ծավալվել, և այս թվին հասնելու խնդիր կար, այսինքն՝ արդյոք այս չափաքանակն է պետք:
Օրենքում դրվում է ոչ թե այդքան, այլ մինչև 75 մլն մ3: Իհարկե, կարևոր են նաև եղանակային պայմանները, բայց
գործընկերների հետ փորձելու ենք ամեն ինչ անել, այնպես կառավարել, որ այդ թվին չհասնենք»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինայնը նշել է, որ կանխատեսումների հետ կապված լուրջ պրոբլեմներ են առկա
գրեթե բոլոր ոլորտներում. «Եվ երբ մենք ասում ենք կառավարման որակ, դա հետևյալն է՝ յուրաքանչյուրն իր տված
կանխատեսման իրականություն դառնալու համար պետք է կրի պատասխանատվություն: Եվ սա պետք է լինի մեր
գործելակերպը և գործելաոճը»:

Վարչապետն անդրադարձել է նաև այս որոշումների արդյունքում էներգետիկ համակարգում լրացուցիչ
եկամուտների գեներացման հարցին և նշել. «Կարծում եմ՝ պետք է ստուգել, թե նախկինում այս նպատակով
կուտակված գումարներն ինչպես են ծախսվել, թող Պետական վերահսկողական ծառայությունը զբաղվի դրանով:
Ստուգում արեք և զեկուցեք, թե քանի անգամ է այս կարգի որոշում կայացվել և ինչպես են այդ գումարները բաշխվել:

Եվ եթե մենք ուզում ենք, որ գումարը կոնկրետ նպատակային օգտագործվի՝ ոռոգման համակարգի կամ ջրային
համակարգի բարելավման վրա, պետք է դա օրենքում հատուկ գրենք: Եթե ոչ, ապա այդ գումարները գեներացվելու են
ցանցում և սակագների հետագա վերանայման ընթացքում հաշվի է առնվելու ի շահ, ի օգուտ սպառողների»:

Հավանություն է տրվել «Անշարժ գույքի գնահատման գործունության մասին» ՀՀ օերնքում փոփոխություն
կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու
մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի
փաթեթին: Ըստ հիմնավորման՝ ներկայումս «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի
գործողությունը տարածվում է միայն ՀՀ տարածքում իրականացվող անշարժ գույքի գնահատման գործունեության վրա:

Առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել ՀՀ տարածքում իրականացվող անշարժ և շարժական գույքերի,
ինչպես նաև գույքի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների, քաղաքացիական իրավունքի այլ
օբյեկտների գնահատման գործունեության վրա: Առաջարկվում է ընդլայնել գործող օրենքով սահմանված գնահատման
պարտադիր դեպքերը՝ որպես գնահատման պարտադիր դեպքեր սահմանելով նաև, մասնավորապես, պետական կամ
համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման դեպքերում՝ բացառությամբ պետական կամ համայնքային
չկառուցապատված հողերի օտարման դեպքերի, գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու
(վերցնելու) դեպքերում: Շուկայական գնահատման գործունեության ոլորտում առաջարկվող փոփոխությունների
արդյունքում կընդլանվի շուկայական գնահատման ոլորտը, անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների
իրականացման համար կապահովվեն անհրաժեշտ տվյալներ, կբարձրանա ՀՀ անշարժ գույքի շուկայի համակարգված
դիտարկումների որակը, կներդրվի գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների ինստիտուտը։