Ավագանու անդամ Արման Անտոնյանը դանակահարությունից հետո արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ. Հայկ Մարության
Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը, օգոստոսի 1-ին դանակի 11 հարված ստանալուց հետո, օգոստոսի 9-ին տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում. այս մասին ավագանու արտահերթ նիստի օրակարգին անցնելուց առաջ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Եղել է մահափորձ մեր գործընկերոջ նկատմամբ, դիմակավորված անձինք ներխուժել են բնակարան, ծեծի ենթարկել և 11 անգամ դանակով հարվածել: Աստծո կամոք, մեր գործընկերը չի մահացել: Անտոնյանը դանակահարությունից հետո, երեկ, արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս պահին դրական դինամիկա կա, ամեն ինչ նորմալ է ընթանում, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց քաղաքապետը:
Մարությանը շնորհակալություն հայտնեց այն բուժաշխատողներին, ովքեր անհապաղ գործողություններ են իրականացրել, ինչի շնորհիվ էլ Անտոնյանը ողջ է:
Նա հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները խստագույնս կպատժեն այն անձանց, ովքեր նման կերպ են «առաջ տանում իրենց գործերը»:
«Արդեն պարզ է, որ այս հարձակումը տեղի է ունեցել ավագանու անդամի գործունեության պատճառով, և նպատակ են ունեցել ինչ-ինչ հարցեր լուծել իրենց սեփական շահի համար: Ավագանու անդամն իր գործունեության ընթացքում կատարած բոլոր առաջարկներն արել է ի շահ համայնքի»,- ասաց Մարությանը:
Երևանի ավագանու՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին օգոստոսի 1-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում դանակահարել են ՀՀ Կոտայքի մարզում գտնվող իր տանը: Քրեական գործ է հարուցվել 147 (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 118 (ծեծը), 34-104-ի 2-րդ մասի
7-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանություն) հոդվածներով: