««Ապրելու երկրի» գործողությունները որակում եմ զոռբայություն, որովհետև այս պրոցեսը հարուցվել է Հայաստանի Հանրապետության ՏԻՄ մասին օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն։ Ես ուզում եմ նաև նշել, որ արվել է ապօրինի հայտարարություն հոկտեմբերի 19-ին գումարված նիստի մասով, թե գումարվել է ավագանու արտահերթ նիստ, նիստը չի կայացել և ավագանին այլևս մեկ տարի ժամկետով չի կարող նիստ ձևավորել։ Մինչդեռ նաև ֆիքսվել է, որ հոկտեմբերի 19-ին քվորում չի եղել և 12 անդամ ներկա եղել 27-ի փոխարեն։ Այնպես որ, չկայացած նիստում ավագանին չի կարող որոշում կայացնել, սա բացարձակ իրավական անգրագիտություն է»,- այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որն այս պահին գտնվում է Ալավերդու համայնքապետարանում։
Հիշեցնենք, որ այսօր Ալավերդի համայնքի ավագանու 14 անդամներ անվստահություն են հայտնում համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին:
Արեն Մկրտչյանը նաև նշեց, որ գործող ավագանու 27 անդամներից 23-ը անվստահություն են հայտնել գործող համայնքապետին, ինչպես այս 14 ավագանու անդամները, այնպես էլ ավագանու 9 անդամները «Ապրելու երկիր» խմբակցությունից։
Պատգամավորի խոսքով՝ այս համայնքապետը բացարձակ լեգիտիմություն չի վայելում, այդ թվում՝ իր թիմակիցների կողմից, ընդամենը ավագանու չորս անդամ անվստահություն չի հայտնել, որից մեկը հենց ինքն է։
Իսկ համայնքապետարանի բակում իրականացվող ակցիաները, ըստ պատգամավորի, կազմակերպված են պաշտոնազրկվող համայնքապետի կողմից։
«Դրանք համակարգված են, երեկվանից մենք անընդհատ ահազանգեր ենք ստանում, որ վարչական ռեսուրսի չարաշահմամբ փորձում են մարդկանց բերել համայնքապետարանի դիմաց։ Մասնավորապես, մոլորության մեջ գցել, թե ժամը 9․30-ին այստեղ ինչ-որ բյուջեի քննարկում պետք է լինի, խոսքը վերաբերում է մանկապարտեզների տնօրեններին, բուժամբուլատորիաների տնօրեններին, մշակույթի տան ղեկավարներին, համայնքապետարանի աշխատակիցներին, վարչական ղեկավարներին։ Եվ մենք հանդես ենք եկել հայտարարությամբ, որ մեր երեխաների կրթությունը, բնակչության բուժսպասարկումը և համայնքի բնականոն կառավարումը շատ ավելի կարևոր է, քան մի քանի արկածախնդիր պնդաճակատների հարուցած կեղծ գործընթացները»,-ասաց Արեն Մկրտչյանը։
Մանրամասները տեսանյութում