Չփորձեն հավասարության նշան դնել, մեր ձեռքերին արյուն չկա, հանկարծ իրենց հետ չխառնեն. Ալեն Սիմոնյանը՝ դժբախտ պատահարի վերաբերյալ Լևոն Քոչարյանի հայտարարության մասին
«Երբ իրենց ընտանիքի կողմից վճարվող մարդիկ են նման բաներ ասում, ես դա գնահատում եմ, որ դա պատվեր է: Իսկ երբ ինքը դժբախտ պատահարը փորձում է ներկայացնել որպես արարք, դա առնվազն սազական չէ մարդու, ով քաղաքականությամբ զբաղվելու հավակնություններ ունի: Շատ ցածր բան է մարդկանց դժբախտության վրա խաղալը և նման համեմատություն անելը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կողմից երեկ դժբախտ պատահարը հիշատակելու վերաբերյալ լրագրողի հարցի:
Ալեն Սիմոնյանը ընդգծեց, որ վարչապետը մեքենան չի վարել, վարչապետը նման հրաման չի տվել՝ ի տարբերություն հայտնի դեպքերի:
Քրեական գործ հարուցվա՞ծ է, լրագրողի հարցին ԱԺ նախագահը պատասխանեց. «Իհարկե, դրանում որևէ մեկը կասկած ունի՞. քրեական գործ է հարուցված, քրեական գործով մեղադրյալ կա»:
ԱԺ նախագահը նշեց, որ ապարդյուն է հավասարության նշան դնել այդ դեպքի և այն արարքների միջև, որ հանրությունն իրենց է վերագրում. «Չփորձեն, մեր ձեռքերին արյուն չկա, հանկարծ իրենց հետ չխառնեն»: