Ադրբեջանի նախագահը երաշխիքները իր մեջ պետք է փնտրի. չի կարելի չգալ խաղաղության բանակցությունների և ասել՝ ես ռևանշիզմից վախենում եմ․ չի կարելի հայ զինվոր սպանել և ասել՝ ես ռևանշիզմից վախենում եմ․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ չի բացառում, որ երբևէ հայերը գնան Ադրբեջանում ապրեն, ադրբեջանցիները գան Հայաստանում ապրեն, միմյանց հետ առևտուր ունեն, քանի որ խաղաղության ենք գնում և միևնույն տարածաշրջանում ենք ապրում:
Նա բերեց Ֆրանսիայի և Անգլիայի օրինակը, որոնք երկար տարիներ իրար հետ հակամարտում էին, իսկ այժմ դաշնակից պետություններ են:
Ինչ վերաբերում է երկու երկրների միջև խաղաղությանը և ռևանշիզմից Ադրբեջանի նախագահի վախերին առնչվող լրագրողների հարցին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Այդ երաշխիքները Ադրբեջանի նախագահը պետք է իր մեջ փնտրի, ադրբեջանական կողմից շատ բան է կախված. չի կարելի հայ զինվոր սպանել և ասել, թե ես ռևանշիզմից վախենում եմ, չի կարելի ներխուժել ՀՀ տարածք և ասել, թե ես ռևանշիզմից վախենում եմ, չի կարելի չգալ խաղաղության բանակցությունների և ասել՝ ես ռևանշիզմից վախենում եմ: Ռևանշիզմից վախենում ես, նորմալ հարաբերություններ հաստատի քո հարևանների հետ»: