Կոչ եմ անում կառուցողական մթնոլորտում համագործակցել ավագանու ընդդիմադիր խմբակցության հետ, ձեռք ձեռքի տալ և շենացնել Ալավերդի համայնքը. Լոռու մարզպետը ներկա էր Ալավերդու նոր համայնքապետի երդմնակալությանը
Երեք օր առաջ օրինական գործողությունների արդյունքում, ՏԻՄ օրենքին համահունչ, օրենքի ուժով հրավիրված ավագանու նիստում դադարեցվեցին համայնքի գործող ղեկավարի լիազորությունները, և տեղի ունեցավ համայնքի նոր ղեկավարի օրինական ընտրություն։ Այս մասին քիչ առաջ Ալավերդի համայնքում տեղի ունեցած ավագանու նիստում, որի ժամանակ Դավիթ Ղումաշյանը ստանձնեց համայնքի նոր ղեկավարի լիազորությունները, հայտնեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ 

«Ցավում եմ, որ այդ օրինական գործընթացը տեղի ունեցավ թեժ կրքերի մթնոլորտում՝ լարվածություն ստեղծելով համայնքում, ինչը ինձ համար, որպես մարզի ղեկավար, անցանկալի երևույթ էր։ Մենք ապրում ենք ժողովրդավար երկրում, և որևէ մեկը իրավասու չէ խոչընդոտելու իրավաչափ, օրինական գործընթացներին, առավել ևս՝ խժդժություն և ավելորդ կրքեր բորբոքելու առանց այդ էլ այս անհանգիստ ժամանակաշրջանում՝ հանիրավի սթրեսի ենթարկելով հանրությանը»,- նշեց Լոռու մարզպետը։ 

Արամ Խաչատրյանը, դիմելով համայնքի բնակիչներին, հայտարարեց՝ չտրվեք սադրանքներին։ «Վստահ եմ, որ քարից հաց քամող, ազնիվ, ստեղծարար ալավերդցին գիտակցում է սա»,- նկատեց մարզպետն ու շնորհավորեց Դավիթ Ղումաշյանին պաշտոնամուտի առթիվ՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ նվիրումով և ամենայն պատասխանատվությամբ կծառայի համայնքի բնակչությանը՝ ի շահ ալավերդցու զարգացման և բարեկեցության։ «Կոչ եմ անում ձեզ ու ավագանու անդամներին կառուցողական մթնոլորտում համագործակցել ավագանու ընդդիմադիր խմբակցության հետ, ձեռք ձեռքի տալ և շենացնել Ալավերդի խոշորացված համայնքը։ Ուզում եմ հույս հայտնել, որ ընդդիմադիր խմբակցությունն էլ ի վերջո կգիտակցի, որ ավագանու լիազորություններից բխող իրավաչափ գործընթաց է տեղի ունեցել, և այս իրավիճակում կարևորը գործակցությունն է՝ հանուն Ալավերդու շահերի»,- նշեց մարզպետը։ 

Նրա խոսքով՝ հաջորդ տարի կառավարության սուբվենցիոն ծրագրերով համայնքում մի շարք ծրագրեր են նախատեսվում կյանքի կոչել, ինչի արդյունքում էականորեն կբարելավվի բնակչության կենսամակարդը, կբարեկարգվեն բնակավայրերը, կփորձեն նաև հոգալ բնակիչների զբաղվածության և աշխատատեղերի ստեղծման հարցը։ «Այս ուղղությամբ համայնքի ղեկավարը ու ավագանին ևս մեծ դերակատարում ունեն։ Ճանաչելով ձեզ, վստահ եմ՝ կհաջողեք, և համայնքի բնակիչները ևս կարճ ժամանակ անց կհամոզվեն դրանում»,- ևս մեկ անգամ շնորհավորելով Ղումաշյանին՝ նշեց Լոռու մարզպետը։