Թշնամու դիպուկահարի կրակոցից մահացած զինծառայողն արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից էր, որդին վերջերս էր վերադարձել ծառայությունից.Galatv.am
Թշնամու դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող, 1975թ. ծնված Վահան Դիմիկի Թաթոսյանն Արմավիրի մարզի Ջրառատ գյուղից էր:

«Վահանը 2 երեխա ունի՝ աղջիկ և տղա. որդին բանակից վերջերս էր վերադարձել: Արարատում էին մնում, որովհետև Վահանի  գործը Արարատի զորամասում էր, երևի 10 տարուց ավելի զինվորական գործի մեջ էր: Շատ լավ մարդ էր, հայրենասեր տղա, իրենք լավ ընտանիք են, աշխատող, հողին տեր մարդիկ են»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Արմավիրի  մարզի Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը:

Համայնքապետի խոսքով՝ Վահան Թաթոսյանը մասնակցել է նաև արցախյան 44-օրյա պատերազմին, կռվել Արցախի տարբեր ուղղություններով, ստացել է վիրավորում, ապաքինվել էր ու նորից անցել էր իր  ծառայությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասվում է.
«Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում:

Ժամը 09:50-ի սահմաններում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը»:
Աղբյուրը՝ galatv.am