ՌԴ-ի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է. Զախարովան պատասխանել է Ալիևին
Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:
«Մենք շատ ենք կարդում և լսում այդ մասին, բայց ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք համապատասխան փոխհարաբերություններ ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Տվյալ դեպքում, ռուսական կողմը հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը», - ասել է Զախարովան:
Մարիա Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում հնարավորինս շուտ վերացնել հումանիտար դաշտում առկա բաժանարար գծերը, փոխանակել ռազմագերիներին` «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով և ականապատ դաշտերի քարտեզները ամբողջ ծավալով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հերթական սանձարձակ հայտարարություն էր արել, մեղադրելով Ռուսաստանին իր ռազմավարական դաշնակցին` Հայաստանին զենք մատակարարելու մեջ: