«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ինչ-որ դրական տեղաշարժ ունենք դիմակների կրման ռեժիմի պահպանման առումով, բայց դա դեռ այն իրավիճակը չէ, որը ցանկալի է, և որը պետք է լինի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ վերջին շաբաթվա ընթացքում, իր տեղեկություններով, կատարվել են բավականին շատ շրջայցեր, նախազգուշական բավականին մեծ աշխատանք է կատարվել, և իրենց քաղաքականությունն է քաղաքացիներին, տնտեսվարողներին նախազգուշացնել, տեղեկացնել այս ռեժիմի մասին, որից հետո, եթե արդեն կլինեն չարամիտ խախտողներ, նոր ինչ-որ վերահսկողական միջոցներ կկիրառեն։
Խոսելով հանրային տրանսպորտում դիմակներ կրելու մասին՝ նախարարն ասաց, որ դեռ պահպանման շատ նվազ ցուցանիշներ ունեն, ինչը դժվարացնում է իրավիճակը։
«Այս պահին մենք ունենք այն իրավիճակը, որ կարող ենք դիմակների համատարած կրելու բավականին լավ ազդեցություն ունենալ։ Իրավիճակը դեռ կառավարելի է, դեռ թվերը ահագնացող չեն, բայց աճի տեմպը պահպանվում է։ Մինչդեռ երբ վարակը դուրս է գալիս կառավարման շրջանակներից, շատ ավելի բարդ միջոցառումներ են պետք դրա վրա ազդելու, դրա կորը նվազեցնելու առումով։ Իհարկե, պատվաստումները ևս մի գործիք են, որ պետք է օգնեն մեզ հաղթահարելու, բայց պատվաստումների ավելի երկարաժամետ պահանջ կա, պետք է առաջին դեղաչափը ստանալ, երկրորդ դեղաչափը ստանալ, դրանից որոշ ժամանակ հետո նոր իմունիտետը ձևավորվում է։ Ուստի պիտի հորդորեմ, խնդրեմ, որ իսկապես զգոն լինենք, պահենք այս պարզ, պրիմիտիվ կանոնը, որը կարող է մեր, մեր հարազատի կամ կողքին կանգնած անձի համար կյանքի-մահու խնդիր լինել»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։
Վերջինս նաև նշեց, որ բավարար պատվաստանյութերի պաշարներ ունենք։