Եթե Ադրբեջանը չի հարգում կամ չպիտի հարգի իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթերը, ուրեմն Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած երկրի վրա, ինչո՞ւ միայն Հայաստանի վրա․ նայեք Ադրբեջանի շուրջը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթին:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Վախ ունե՞ք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող է սկսվել 3-րդ պատերազմը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Վախը ճիշտ բառ չէ օգտագործելու համար, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, զարգացող պետություն է և Հայաստանի Հանրապետությունը, ինչպես արդեն ասացի, իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ իր երկրի դիմակայունությունը բարձրացնելու համար, և իմիջիայլոց, վերջին տարիներին կարծում եմ միջազգային հանրությունը տեսավ և մեր հանրությունն էլ տեսավ, որ մեր երկրի դիմակայունությունն էականորեն բարձրացել է: Մենք շարունակում ենք բարեփոխումների ճանապարհը Հայաստանի դիմակայունությունը մեծացնելու և բարձրացնելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է տարածքաշրջանային ապակայունացմանը և դրան ուղղված քայլերին, իհարկե, ցանկացած բանական մարդու մոտ դա առաջացնում է մտավախություններ:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Որևէ ողջախոհ մարդ հնարավոր ապագա պատերազմի մասին նման մտավախություններ կարող է ունենալ։ Դուք սա՞ նկատի ունեք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բոլոր հարցազրույցները՝ շատ լավ հարցազրույց, բոլոր հայտարարությունները՝ շատ լավ հայտարարություն, բայց շատ կարևոր է, որ մենք արձանագրենք մեր հարաբերությունների միջպետական բնույթը: Թեպետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք՝ ես պարտավոր եմ հղվել մեր կողմից ստորագրված փաստաթղթերի վրա: Ես արդեն ասացի, որ մենք Ադրբեջանի հետ ունենք ստորագրած փաստաթուղթ՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ: Եթե այս տրամաբանությամբ նայենք և եթե Ադրբեջանը չի հարգում կամ չպիտի հարգի իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթերը, ուրեմն Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած երկրի վրա, ինչո՞ւ միայն Հայաստանի վրա: Նայեք Ադրբեջանի շուրջը, եթե ինքն իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները չի հարգում, ուրեմն կարող է ցանկացած իր հարևան երկրի վրա հարձակվել, եթե այդպես է: