Եթե Վլադիմիր Պուտինը ժամանի Երևան, Դուք նրան կձերբակալե՞ք․ հարց վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթին:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Վերադասավորվելու, այլ անվտանգային կառույցների հարելու ձեր փորձերի շրջանակում դուք միացաք Միջազգային քրեական դատարանին, կարծեմ դա տեղի ունեցավ փետրվարի 1-ին կամ հունվարի 31-ին, Հայաստանը պաշտոնապես միացավ Հռոմի ստատուտին։ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել Ուկրաինայում կատարած ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար։ Եթե Վլադիմիր Պուտինը ժամանի Երևան՝ նրան կձերբակալե՞ք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ ես ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը Հռոմի ստատուտին միանալու գործընթացը սկսել է 2022 թվականի դեկտեմբերին, և այդ որոշումը կախված է եղել մեր անվտանգային միջավայրի փոփոխությունների գնահատմամբ: Մենք Հռոմի կանոնադրությունը վավերացրել ենք, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքները վերլուծելով և արձանագրելով, որ մեր անվտանգային համակարգում որոշակի ճեղքեր են առաջացել: Այդ առումով, մենք նաև Հռոմի կանոնադրությունը վավերացրել ենք որպես մի լրացուցիչ գործոն՝ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Ես հասկանում եմ, որ ժամանակաշրջանը բարդ է եղել, հենց դրա համար էլ մենք այդ որոշումը կայացրել ենք: Այդ որոշումը ծառայում է Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Ինչ վերաբերում է իրավաբանական նրբություններին՝ ես չեմ կարող հիմա իրավական վերլուծություններ անել, որովհետև դա իրավաբանների գործն է: Կարծում եմ, ինչպես ասացի, Հայաստանը՝ որպես պատասխանատու պետություն, պետք է հավատարիմ մնա իր բոլոր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ այն պարտավորություններին, որոնք ունի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում, այն պարտավորություններին, որոնք ունի միջազգային հանրության հետ հարաբերություններում: Իմիջիայլոց, այդ թեմայով նաև ամենատարբեր կարծիքներ, իրավական վերլուծություններ կան, և մասնավորապես, քիչ չեն այն իրավաբանները, ովքեր ասում են, որ պետության գործող ղեկավարներն իրենք այդ կարգավիճակի բերումով ունեն անձեռնմխելիություն, անհաղթահարելի անձեռնմխելիություն: Նկատի ունեմ՝ դա իրավական խնդիր է, քաղաքական հարց չէ, որը ես պետք է քննարկեմ և որին պետք է արձագանքեմ:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Աշխարհի մի մասն ասում է, որ Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի ռազմական հանցագործությունների համար։ Դուք դա անելու պարտավորություն ունեք։ Եթե նա գա Հայաստան՝ Հայաստանի ոստիկանությունը նրան կձերբակալի՞ և ուղարկի Հաագա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես Ձեզ մի այսպիսի գաղտնիք բացեմ. 2018 թվականից հետո Հայաստանում շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել, և ես որոշումներ չեմ կայացնում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն: Հայաստանում իրավակարգ կա հաստատված, կան իրավական ինստիտուտներ, և բոլոր դեպքերում Հայաստանի իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումներ: Դրա համար մենք ունենք Դատախազություն, դրա համար մենք ունենք դատարաններ, դրա համար մենք ունենք Քննչական կոմիտե և այդպես շարունակ։ Շատ կարևոր է, որ նաև Արևելյան գործընկերության անդամ լինելով՝ Հայաստանի Հանրապետությունն առանձնանում է հատկապես անկախ դատական համակարգ ունենալու ինստիտուցիոնալ բարեփոխումների տրամաբանության մեջ։ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, Հայաստանի Հանրապետությունում վարչապետն ունի իր լիազորությունները։ Այդ լիազորությունների մեջ երբեք ոչ մի պայմաններում և որևէ պարագայում չի մտնում հարցի լուծումը` այս մարդուն պետք է ձերբակալել, թե պետք չէ ձերբակալել։ Բոլորը լուծվում են իրավական ընթացակարգերով։

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Ես հասկանում եմ, ես նկատի ունեմ, որ դա Ձեզ կարող է դնել որոշակի անհարմար իրավիճակի մեջ։ Հնարավո՞ր է, որ Դուք ուղղակի զանգահարեք Վլադիմիր Պուտինին և ասեք, որ նա ուղղակի չգա, քանի որ Դուք չեք կարող երաշխավորել, որ նա չի ձերբակալվի։ Սա բավականին անհարմար իրավիճակ է, այդպես չէ՞։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի։