Սեպտեմբերի 1-ից շուտ ուժի մեջ չի մտնելու. Սուրեն Գրիգորյանը՝ միասնական տոմսային համակարգի մասին
«Ավագանին պետք է որոշի, թե կոնկրետ որ խմբին և ինչ արտոնություններ են տրամադրվելու, երբ պարզ կդառնա, թե ինչ ուղևորափոխադրումների ինչ վճարման մասին է խոսք լինելու»,- Երևանի ավագանու նիստին միասնական տոմսային համակարգի հարցը քննարկելիս հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ ոչ թե քաղաքացին պետք է դիմում գրի արտոնության համար, այլ համակարգը ինքնաշխատ եղանակով պետք է աշխատի. «Որոշման ընդունումից հետո այն սեպտեմբերի 1-ից շուտ ուժի մեջ չի մտնելու: Այդ ժամանակը կօգտագործենք արտոնությունների կոնկրետ խմբերը, արտոնությունների չափը քննարկելու համար»:

Ավագանու անդամներից մեկն առաջարկեց արտոնյալ խմբերի մեջ ներառել նաև միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին: