Տրանսպորտի գինը շատ կարևոր սոցիալական հարց է. սուբսիդիան տալու ենք այն խմբերին, որոնք դրա կարիքն ունեն. Տիգրան Ավինյան
«Տրանսպորտի գնի հարցը միայն ֆինանսական հարց չէ, այլև շատ կարևոր սոցիալական հարց: Այս բոլոր հարցերին զուգահեռ պետք է քննարկենք նաև այն բոլոր խմբերի հարցերը, որոնք նույնիսկ այս գնային պայմաններում ունեն տրանսպորտից օգտվելու դժվարություններ»,- այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու հերթական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝ սոցիալական այդ խմբերը պետք է ընտրվեն թիրախային, «որպեսզի մենք մեր կողմից սուբսիդիան տանք այն խմբերին, որոնք դրա կարիքն ունեն, և չտանք մարդկանց, ովքեր դրա կարիքը չունեն. 700-800 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդն ասում է՝ ինձ ինչ փաթեթ կառաջարկեք, ես քիչ եմ տրանսպորտից օգտվում: Դե կներեք, էլի. ոչ մի, դուք թիրախային խումբ չեք, ֆինանսական, սոցիալական խնդիր չունեք և կարող եք ձեզ թույլ տալ ամբողջ ծավալով վճարել տրանսպորտի համար»:

Դիմելով երևանցիներին՝ քաղաքապետն ասաց. «Դժվար շրջափուլ անցանք, սա այդ շրջափուլի վերջին և ամենակարևոր հարցն է: Եվ կարծում եմ՝ այս շրջափուլից հետո մենք շատ ավելի լավ հարցեր ենք քննարկելու, քիչ քննադատության տեղ ունեցող»: